Ադրբեջանը բաց է պահել Ֆրանսիայի հետ երկխոսության դռները։ Ֆրանսիան լրջորեն կասկածի տակ է դրել ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հատկապես վերջին 3,5 տարվա ընթացքում ձեռնարկված քայլերով և թույլ է տվել իրավիճակի սրում։
Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելը։
«Պարզ է, որ Ֆրանսիայի գործողությունները, որը լայնորեն զինում է Հայաստանը և նպաստում տարածաշրջանում ռազմատենչությանը, չեն ծառայում խաղաղությանը։ Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելն արդյունքի չի բերի, և ևս մեկ անգամ հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու իր ազգային շահերը»,- ասել է Այխան Հաջիզադեն։