Անհրաժեշտ է, որ Իսրայելը չպատասխանի զանգվածային հրթիռային կրակով Իրանի հարձակմանը, բոլորն Արևմուտքում դա հասկանում են, ԵՄ գագաթնաժողովին ժամանելուն պես հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Մեզ համար կարևոր է, որ այս պահն օգտագործվի հետագա դեէսկալացիայի համար, և որ Իսրայելը նույնպես օգտագործի իր դիրքերը ողջ տարածաշրջանում որոշակիորեն ամրապնդվելու համար և չպատասխանի զանգվածային հարձակումներով», - ընդգծել է նա։
Շոլցը նշել է, որ այդ թեման կքննարկվի Բրյուսելի գագաթնաժողովում Գազայի հատվածում տիրող իրավիճակի հետ մեկտեղ։
Շոլցը գագաթնաժողովի շրջանակում Welt-ի հեռարձակած մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ Իրանի հարձակումն աննախադեպ է իր մասշտաբով և նշել, որ Իսրայելը, «այդ թվում՝ ընկերների և դաշնակիցների օգնությամբ», կարողացել է հետ մղել այն։