Հետևեք մեզ։

Եվս մեկ կարևոր օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է. ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից

10:03, 18 ապրիլ 2024
Եվս մեկ կարևոր օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է. ԱՄՆ Պետքարտուղարությունն անդրադարձել է ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղից

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մեկնաբանել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի՝ Լեռնային Ղարաբաղից դուրսբերումը։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ճեպազրույցի ժամանակ թեմային անդրադարձել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

 

Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը չի հանդիսանում բանակցված եռակողմ պայմանավորվածության մասնակից, որով 2020 թվականին ավարտվեցին մարտերը Լեռնային Ղարաբաղում և ռուսական զորքեր հաստատվեցին այնտեղ:

 

«Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց տա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են ավելի խաղաղ և կայուն հարավկովկասյան տարածաշրջանին, և անցյալ տարվա աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով, և դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- նշել է պետքարտուղարության խոսնակը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի տեղեկությունները, որ ՌԴ-ն հանում է իր զորքերը Լեռնային Ղարաբաղից և տեղափոխում է Ուկրաինա, ու ինչ ազդեցություն դա կունենա Հարավային Կովկասի իրավիճակի վրա։

 

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին:

 

Նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ մեկնարկել է ՌԴ խաղաղապահների դուրսբերման գործընթացը Լեռնային Ղարաբաղից։