Հետևեք մեզ։

Կիստաներ ունեցող, գիշերամիզությամբ տառապող և գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի

13:05, 18 ապրիլ 2024
Կիստաներ ունեցող, գիշերամիզությամբ տառապող և գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի

Կառավարության ապրիլի 18-ի հերթական նիստին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, ըստ որի՝ այն հիվանդությունների ցանկում, որով զորակոչի ենթակա անձինք կարող էին համարվել ոչ պիտանի, փոփպություններ կկատարվեն։

«Խոսքը վերաբերվում է առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ և ուսուցանման և գրագիտության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց զինվորական ծառայությունը ոչ պիտանի ճանաչվելու, ինչպես նաև ուռոլոգիական և նյարդաբանական համակարգի հիվանդությունների առանց ախտանիշների հաստատված գիշերամիզություն ունեցող պարտադիր ժամկետային զինծառայողների զորացրման դեպքերին»,- ասել է նա և հավելել, որ այս հիվանդությունների դրսևորման համապատասխան վիճակներն առաջարկվում է ճանաչել սահմանափակումներով պիտանի զինծառայության համար։

Պապիկյանը նշել է, որ նախագծով սահմանվում են զինծառայության սահմանափակումները, որոնց շրջանակներում կիստաների առկայությամբ սահմանափակումները նախատեսվելու են զորամասի բժշկի կողմից, իսկ գիշերամիզությամբ ծառայությունը շարունակվելու է օրվա հեշտացված կարգավիճակով, առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի վիճակ ունեցողները չեն ընդգրկվի մարտական հերթապահության մեջ։

Նախարարը մասնավորեցրել է, որ գիշերամիզություն հիվանդությամբ բանակ զորակոչվում են, սակայն վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ նկատվում է այս և այլ հիվանդություններով ազատումների դեպքերի անգամներով աճ։