Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում պայմանավորվել են ընդլայնել Իրանի դեմ պատժամիջոցները Իսրայելի վրա աննախադեպ գրոհի պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովից հետո լրագրողների հետ զրույցում ապրիլի 17-ի ուշ երեկոյան այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Մենք որոշել ենք լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ: Սա հստակ ազդանշան է, որը մենք ցանկանում ենք ուղարկել», - ասել է Միշելը։
Նա ընդգծել է, որ Իրանը պետք է հայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ Միշելը դեռ չի հստակեցրել նոր պատժամիջոցների մանրամասները։
Այնուհետև հանդիպման առաջին օրվա արդյունքներով ԵՄ-ն հայտարարություն է տարածել։
«Եվրախորհուրդը խստորեն և միանշանակ դատապարտում է Իրանի հարձակումն Իսրայելի վրա և հաստատում իր լիակատար համերաշխությունը Իսրայելի ժողովրդի հետ և հանձնառությունը Իսրայելի անվտանգությանն ու կայունությանը տարածաշրջանում», - ասվում է հայտարարությունում։
Ինչպես հետևում է փաստաթղթից, սահմանափակող միջոցները կապված են լինելու, այդ թվում, «անօդաչուների և հրթիռների հետ»։