Հետևեք մեզ։

Արևմուտքը շարունակում է ռազմականացնել Հարավային Կովկասը, դա անխուսափելի է դարձնում էսկալացիան. ՌԴ ԱԳՆ

15:39, 18 ապրիլ 2024
Արևմուտքը շարունակում է ռազմականացնել Հարավային Կովկասը, դա անխուսափելի է դարձնում էսկալացիան. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը շարունակում է ռազմականացնել Հարավային Կովկասը։ Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Կանադայի՝ Հայաստանում Եվրամիության առաքելությանը միանալը։

 

Նրա խոսքով՝ «Եվրամիության առաքելության ներկայությունը Հայաստանում անարդյունավետ է».

 

«Ամեն օր մենք ավելի ու ավելի ենք համոզվում, որ այդ առաքելությունը չի կարող կանխել միջադեպերը տեղում, որ ԵՄ-ն որեւէ դրական ներդրում չունի Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործում։ Ընդհակառակը, ԵՄ ներկայացուցիչները զբաղվում են տարբեր տեսակի սադրանքներով, հետախուզական գործունեությամբ և քարոզչությամբ։ Որքան հասկանում ենք, Կանադայի անդամակցությունը Հայաստանում ԵՄ առաքելությանը հասել է գործնական մակարդակի։ Օրերս Հայաստան էին այցելել «փորձագետներ» Կանադայից։ Հավանական է, որ Վաշինգտոնն օգտագործում է իր եվրոպացի դաշնակիցներին՝ ՆԱՏՕ-ի ուժերը Հարավային Կովկաս մղելու համար: Ակնհայտ է, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ նրանք ոչ միայն ցանկանում են ընդլայնել իրդնց կարողությունները տեղում իրավիճակը վերահսկելու համար, այլ նաև ցանկանում են հետևել իրենց եվրոպացի դաշնակիցներին:

Հարավային Կովկասում արտաքին խաղացողների ջանքերը՝ ի դեմս ՆԱՏՕ-ի, անխուսափելի են դարձնում տարածաշրջանում վստահության կորուստը, էսկալացիան, զինված հակամարտությունը։ Արեւմուտքը շարունակում է ռազմականացնել Հարավային Կովկասը՝ այն վերածելով աշխարհաքաղաքական հակամարտությունների հաջորդ ասպարեզի՝ մերժելով տեղի բնակիչների շահերը։ Փաստորեն, Արևմուտքը հատում է մոտ ապագայում տարածաշրջանի խաղաղ զարգացման խնդիրների իրականացման սահմանագիծը»,-ասել է նա։