Պայթյուն է տեղի ունեցել Իրանի Սպահան նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով, պայթյունը կարող էր տեղի ունենալ նահանգի հյուսիս-արևելքում՝ Սպահանի միջազգային օդանավակայանի և ռազմաօդային ուժերի բազայի մոտ։ Դրա պատճառները պարզվում են։
Մոտ 40 րոպե անց գործակալությունը, վկայակոչելով տեղական աղբյուրները, հաղորդել է ևս երեք պայթյունի մասին, որոնք տեղի են ունեցել նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող ռազմաբազայի մոտ:
Նրանց տվյալներով՝ պայթյունների ձայներ են լսվել Կեխջավարիստան քաղաքում, որը գտնվում է նահանգի վարչական կենտրոնի օդանավակայանի և Իրանի ռազմաօդային ուժերի 8-րդ բազայի մոտ։
Ավելի վաղ ABC հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտներից մեկին։
Ապրիլի 13-ի երեկոյան Իրանը անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ՝ դա որակելով որպես պատասխան «բազմաթիվ հանցագործությունների»։