Հետևեք մեզ։

Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը

10:43, 19 ապրիլ 2024
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ–ի մեկնաբանությունը

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության հարցը երկրի ներքին գործն է։ Sputnik Արմենիային այս մասին ասացին ՀՀ ԱԳՆ-ից` մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղի մասով փոխելու պահանջներից։

 

«ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը ամբողջությամբ ներպետական գործընթաց է»,-նշված է ԱԳՆ–ի պատասխանում։

 

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։

 

Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։

 

Ներկայիս Սահմանադրության նախաբանում նշվում է, որ այն ընդունվել է Անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքների հիման վրա։ 1990 թվականին ընդունված հռչակագիրը որպես հիմնարար սկզբունք մատնանշում է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի վերամիավորման մասին որոշումը: