Իրանը չի ծրագրում անհապաղ պատասխան հարված հասցնել ուրբաթ օրը տեղի ունեցած իսրայելական հարձակումից հետո, նշում են՝ պարզ չէ, թե կոնկրետ ով է կանգնած դրա հետևում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյային:
«Անհապաղ պատասխան հարված հասցնելու ծրագիր չկա, հստակություն չկա, թե ով է կանգնած միջադեպի հետևում», - մեջբերում է գործակալությունը պաշտոնյայի խոսքերը:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նաև ասել է գործակալությանը, որ Իրանը «արտաքին» հարձակման չի ենթարկվել, և իշխանությունների միջև քննարկումները հակված են ենթադրելու, որ դա «ներթափանցում» է երկրի տարածք:
«Արտաքին հարձակման աղբյուրը հաստատված չէ: Մենք արտաքին հարձակման չենք ենթարկվել, քննարկումներն ավելի շատ հակված են ներթափանցմանը, քան հարձակմանը»,- գործակալությանը ասել է պաշտոնյան։
Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ գիշեր Իսրայելը պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։ Պայթյուններ են գրանցվել Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանական IRIB պետական գործակալությունը հայտնել է, որ երկրի մի շարք նահանգներում հակաօդային պաշտպանության համակարգերն արձագանքել են անօդաչու թռչող սարքերի մոտեցմանը։ Իրանցի երեք պաշտոնյաներ New York Times-ին հաստատել են, որ հարվածների թիրախը եղել է Սպահանի մերձակայքում գտնվող ավիաբազան։