Հետևեք մեզ։

Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել․ Մովսես Հակոբյան․ Sputnik Արմենիա

23:31, 12 ապրիլ 2023
Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել․ Մովսես Հակոբյան․ Sputnik Արմենիա

Սյունիքի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած միջադեպը կարող էր կանխվել, եթե Հայաստանը ճիշտ ժամանակին այնտեղ դիրքեր տեղադրեր և ամրաշինական կառույցներ ստեղծեր, որը չի արվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Զինված ուժերի ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը` անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև փոխհրաձգությանը։

Ճիշտ ժամանակին ասելով` Հակոբյանը նկատի ունի 2022 թվականի օգոստոսից մինչև այս տարվա ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածը։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության` Երևանն ու Բաքուն ձեռք են բերել պայմանավորվածություն, ըստ որի նշված ժամանակահատվածում ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

Հակոբյանի կարծիքով` այստեղ ոչ թե զինվորականների, այլ կառավարման խնդիր է։

«Բացթողումն այն է, որ իմանալով, որ ապրիլի 1–ից ճանապարհի փոփոխություն է կատարվելու և այդտեղ պետք է նոր դիրքեր տեղադրվեն, մենք ոչինչ չենք արել։ Խնդիր չի առաջադրվել, որ նախօրոք խրամատներ փորվեն, դիրքեր փորվեն, բարենպաստ դիրքերն առաջինը մենք զբաղեցնենք, որովհետև հակառակորդը դեռևս այնտեղ չէր։ Իշխանությունը հույսը դրել է «բարեկիրթ» Ադրբեջանի վրա, որ ադրբեջանցիները կգան, կպայմանավորվեն։ Այսքան փորձություններից հետո մենք խելքի չեկանք, որ Ադրբեջանը բարեկիրթ չէ»,–ասաց նա։

Միևնույն ժամանակ ԳՇ նախկին պետը ընդգծում է, որ,, Ադրբեջանը Հայաստանից խելացի գտնվելով, ապրիլի 1–ից մեկ օր առաջ կարևորագույն դիրքերը զբաղեցրել է, ընդ որում` նաև ՀՀ տարածքում և մեր երկրի տարածքում փորձում է դիրքեր բարելավել և դիրքեր տեղադրել։

Հակոբյանը վստահեցնում է` հակառակորդը հիմա թույլ չի տա հայկական կողմին այնպիսի դիրքեր տեղադրել, որը հետագայում իրենց կարող է վնաս պատճառել։ Եվ Տեղում տեղի ունեցած միջադեպի պատճառը ոչ թե ադրբեջանական մեքենայի ՀՀ դիրքերին մոտենալն է, այլ այն, որ այդ մեքենան եկել էր իրենց պահանջը ներկայացնելու, որ թույլ չեն տալու այնտեղ դիրքավորվել։

«Այդ սյուժեն անկախ մեքենայի մոտենալուց տեղի էր ունենալու։ Սպասել ենք թուրքերը տեղադրեն իրենց դիրքերը, մեզ դուր չի եկել, դրանից հետո փորձում ենք մենք տեղադրել։ Օգոստոսից մինչև հիմա մենք հնարավորություն ունեինք այնտեղ և՛ դիրքեր, և՛ ամրաշինական կառույցներ ստեղծելու, որ այսպես հապճեպ, բաց դաշտում չփորձեին այդպիսի խնդիրներ լուծել։ Հիմա ինձ համար անհասկանալի է` այսօր ինչ իրավիճակ է այնտեղ` ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, ո՛չ բարեկամություն»,–ասաց նա։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։