Հետևեք մեզ։

Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց. Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա հայտարարության մասին

12:22, 20 ապրիլ 2024
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց. Նիկոլ Փաշինյանը՝ երեկվա հայտարարության մասին

Երեկվա հայտարարության հետ կապված կուզենայի, որ տեղի ունեցածի քաղաքական նշանակությունը գնահատենք։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Լրագրողների հետ զրույցի տեսանյութը Փաշինյանը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում։

 

«Ես չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը, բայց նաև չէի ուզի, որ թերագնահատեինք։ Շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց»,- ասել է վարչապետը։

 


Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին նախօրեին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների ութերորդ հանդիպումը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է արձանագրություն։ ՀՀ արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման արդյունքում նախնական համաձայնություն է ձեռք բերվել սահմանագծի Բաղանիս - Բաղանիս Այրում, Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա, Կիրանց - Խեյրումլի և Բերքաբեր - Կըզըլ Հաջիլի հատվածները համապատասխանեցնել Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին: