Հետևեք մեզ։

Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց հատվածում․ Նիկոլ Փաշինյան

13:17, 20 ապրիլ 2024
Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային ռիսկերը Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց հատվածում․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որոնք առկա են Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց  բնակավայրերի հատվածում, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը:

«Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը սեղանի շուրջ լուծել են հարց: Իհարկե, դա ձեռքբերում է և՛ Ադրբեջանի համար, և՛ էական ձեռքբերում է Հայաստանի համար: Ըստ էության, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն երկկողմանի ստորագրություններով հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը և հաստատեցին, որ սահմանազատման գործընթացում ոչ թե նոր սահման է ստեղծվելու, այլ վերարտադրվելու է Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը»,–ասաց Փաշինյանը՝ սա շատ կարևոր ձեռքբերում համարելով:

Վարչապետն այս իրադարձությունը համարեց անկյունաքարային ՀՀ ինքնիշխանության, անկախության, զարգացման հաջորդ փուլի համար: Սա անկյունքար է, որի շուրջ պետք է կարողանալ կառուցման, ստեղծման գործընթաց իրականացնել:

«Այս որոշումն էականորեն նվազեցնելու է անվտանգային այն ռիսկերը, որոնք մենք ունենք նախ Բաղանիս-Ոսկեպար-Կիրանց հատվածում, բայց նաև ընդհանրապես Հայաստանի սահմանի ողջ երկայնքով: Մենք պայմանավորվելենք հիմա այս հատվածի վերաբերյալ, բայց նաև հիմնարար սկզբունք ենք որդեգրել հետագա սահմանազատման ողջ գործընթացի համար, ինչը նշանակում է, որ կարող ենք արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նստել ու բոլոր վիճահարույց հարցերը բանակցությունների սեղանի շուրջ լուծել»,–նշեց նա: