Հետևեք մեզ։

Ականները հանում եք, որ թուրքին բերեք, 7-րդ դարի եկեղեցին սարքի մզկիթ, Ալիևը գոռա «բիզիմդիր», մեր թասիբ-նամուսն ո՞ւր է․ Գառնիկ Դանիելյան

14:11, 22 ապրիլ 2024
Ականները հանում եք, որ թուրքին բերեք, 7-րդ դարի եկեղեցին սարքի մզկիթ, Ալիևը գոռա «բիզիմդիր», մեր թասիբ-նամուսն ո՞ւր է․ Գառնիկ Դանիելյան

Հանձնաժողով ստեղծելուց առաջ գործընթացն է ապօրինի, այդ հանձնաժողովը ստեղծել են, որպեսզի այդ գործընթացը լեգիտիմացնեն։ Ստեղծում են հանձնաժողով, որ մարդկանց ներքաշեն՝ իբր տեղացի ժողովուրդը կողմ է դրան։ Այս մասին Տավուշում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Այս ամբողջ ընթացքում բռնաճնշումները մի օր չեն դադարել, բոլորին էլ պարզ է, չէ՞, իշխանությունը անսահմանափակ տեռորի եղանակով փորձում է լռեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են։ Այսօր ո՞ր մի գյուղապետին, համայքնապետին ուզենան վախացնեն, չվախացնեն։ Պատերի տակ ասում են՝ «թուրքին բերում են սահման», կամերան տեսնում են, խառնվում են իրար»,- ասաց Դանիելյանը։

Պատգամավորը նշեց՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է ամեն ինչ անել, որ գյուղը գյուղի դեմ հանի, համայնքը համայնքի դեմ հանի․ «Էդ մարդիկ ի՞նչ են հասկանում, ինչի՞ եք տանում  էդ մարդկանց, կգնան, իրենց ականջները շոյող բաներ կասեն։ Սուտը ստի հետևից, չի անցնում մեկ րոպե, էս մարդիկ ստում են, սուտը ստի հետևից»։

Դանիելյանը նշեց՝ շանտաժի են ենթարկում․ «Եթե մարդիկ ստեղ բան անեն, էնտեղ ականի վրա պայթելու են։ Էս ականները նպատակով են, չէ՞, դրված, դրված են նրա համար, որ դիվերսիոն խմբերը չներթափանցեն գյուղեր։ Հիմա այդ բոլոր ուղիները բացում ենք, որպեսզի ադրբեջանցիներին հրավիրենք 7-րդ դարի եկեղեցի։ Այս տարածքի միները հանում եք, որ թուրքին բերեք, սարքի մզկիթ այս եկեղեցին, մեր թասիբ-նամուսն ո՞ւր է, իրենց հետ ամեն ինչ պարզ է արդեն, ո՞ւր է մեր ժողովրդի իմունիտետը, սա 4 գյուղի խնդիր չէ, սա ՀՀ խնդիրն է, ականազերծման աշխատանքներից հետո ադրբեջանցին, թուրքը հայտնվելու է յուրաքանչյուրի պատշգամբի մոտ։ Ադրբեջանական մամուլն ասում է՝ «վերադառնում ենք մեր հողերը», Ալիևը կգա ստեղ, ադրբեջանական դրոշները կդնի, կասի «բիզիմդիր», Մեհրիբանին կկանչի, թեյախմություն կկազմակերպի, կփորձի էս եկեղեցին էլ սարքի մզկիթ»,- ասաց պատգամավորը։