Հետևեք մեզ։

Ե՞րբ է լուծվելու կաթի արտահանման հարցը․ ընդդիմադիր պատգամավորը՝ Քերոբյանին

12:02, 13 ապրիլ 2023
Ե՞րբ է լուծվելու կաթի արտահանման հարցը․ ընդդիմադիր պատգամավորը՝ Քերոբյանին

 

Մի քանի օր շարունակ ՀՀ-ի խոշոր ոլորտներից մեկը՝ կաթի արդյունաբերությունը լուրջ խնդրի առաջ է կանգնած և զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից։ Դուք միշտ բարձր թվեր եք ասում, գեղեցիկ ելույթներ ունենում, բայց մի քանի օր շարունակ ՀՀ-ի արտահանվող կարևոր ոլորտներից մեկը զրկված է խոշորագույն շուկաներից մեկ արտահանում կատարելուց։ Ե՞րբ է այս հարցը լուծվելու։

 

ԱԺ հերթական նիստում նման հարց բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով  էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նշենք, որ  «Ռոսսելխոզնադզորն» ապրիլի 5-ից դադարեցրել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

 

Վահան Քերոբյանը պատասխանեց՝ սա ԵՏՄ առևտրի խոչընդոտ է, հարցը քննարկում են գործընկերների հետ։

 

«Այն արգելքը, որը դրվել է, հակասում է ԵՏՄ-ի ներսում առևտրի կանոններին։ Բացի այդ, բանակցություններ են վարվում՝ հասկանալու համար, թե ինչ կարգավորումներով կկարողանանք հնարավորինս արագ լուծել հարցը՝ չդիմելով ԵՏՄ-ի ստանդարտ գործընթացներին։ Աշխատում ենք, բայց ժամկետ չեմ կարող ասել»,- ասաց նախարարը, որին ի պատասխան արձագանքով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավորը․

 

«Փաստորեն, ինչպես հաճախ է լինում կառավարության գործունեության դեպքում, էլի մեղավորը ռուսներն են։ Այս ԱԺ-ի այս դահլիճում տարիներ առաջ, երբ կառավարությունն էլի գեղեցիկ թվերի մասին էր խոսում, մեր ընկեր Վահան Հովհաննիսյանը մի արտահայտություն արեց, որը մնաց քաղաքական հայտարարությունների անթոլոգիայում՝ եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այսքան վատ»։

 

Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց՝ գյուղատնտեսության մեջ կաթի արտադրությունըւ ամենախոշոր ոլորտը չէ, ուստի պետք չէ իրավիճակը դրամատիզացնել։

 

«Մենք չունենք դրամատիկ իրավիճակ, որը ներկայացնում եք,  առաջարկում եմ վիճակագրական ծառայության թվերը համեմատել նախորդ 15 տարվա հետ և փորձել գտնել նման լավ թվեր»,- ասաց նա։