Հետևեք մեզ։

Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետի հետ, շատ այլայլված էր, ասաց՝ ինչ կար մնաց նույնը, և մի բան էլ ավելին․ Բագրատ Սրբազան

11:15, 23 ապրիլ 2024
Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետի հետ, շատ այլայլված էր, ասաց՝ ինչ կար մնաց նույնը, և մի բան էլ ավելին․ Բագրատ Սրբազան

Այդ հարցը շատ է շնչել, մենք ճիշտ և առաքինի գործ ենք անում, չենք համակերպվում կեղծիքի ու ստի հետ։

Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է հայտնվել թիրախում։
«Միշտ ասել եմ՝ սա հայրենիքի ինչ-որ մի հողակտորի հարց չէ, հայրենիքի ամեն մի սանտիմետրը շոշափելի ճշմարտություն է։ Ով է այն մարդը, որ ինքն ուզում է խաբված լինի, չարիքից պարտված լինի, կա՞ այդպիսի մարդ, ես չեմ հավատում, որ կա։ Գյուղացիներն ինչո՞ւ են քանի օր է՝ այստեղ, ո՞վ է այս մարդկանց փողոց նետել, ո՞վ է ասել՝ այ ձեր ճակատագիրն ապագայում այսպես է լինելու։ Այդ թիրախավորումը, պիտակավորումը այս մարդկանց է վերաբերում»,-ասաց նա։

Հարցին, թե երեկ գյուղերի ներկայացուցիչները հանդիպել են Մհեր Գրիգորյանի հետ, լուրեր կան, որ հետո նրանց հետ է կանչել Փաշինյանը, Սրբազան Հայրը հանդիպե՞լ է նրանց հետ, ինչ տեղեկություններ ունի, Բագրատ Սրբազանը պատասխանեց․«Գիշերը 2-3-ի սահմաններում հանդիպել եմ Կիրանցի գյուղապետի հետ, շատ այլայլված էր, արդեն տեսքից հասկանալի էր, թե ինչ է տեղի ունեցել, ասաց, որ ինչ կար մնաց նույնը, և մի բան էլ ավելին։ Պայմանավորվեցինք, որ առավոտյան այստեղ հանդիպենք՝ ինքը, Բաղանիսի գյուղապետը և Ոսկեպարի գյուղապետը»։

Բագրատ Սրբազանն ասաց, որ ինքը ցավում է, որ երեք տարի զգուշացրել են, իսկ տեղի բնակիչներն  այնքան միամիտ ազնվություն ունեն, որ հավատում են, թե եթե իրենք այդպիսին չեն, դիմացինն էլ այդպիսին չի լինելու, հավատում են, որ այն մարդը, որ իրենց ի պաշտոնե իրեն տերը պետք է լինի, իրենց շահերը պետք է պաշտպանի, մտածում են, որ հենց այդպես է։

«Երեկ ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,-եզրափակեց հոգևարականը։