«Իրազեկ քաղաքացիների միավորումը» 3 դրվագանի հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազությանը` կապված УАЗ-ի միջադեպի հետ։ Այս մասին հայտնում է կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը․
«1-ին դրվագը վերաբերում է ավտոմոբիլի վարորդի կողմից խաղաղ ցուցարարներին վրաերթելու փորձի հետ։ ՔՕ հոդված 236 (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը)։
2-րդ դրվագը կապված է ոստիկանների կողմից УАЗ-ի վրաերթի փորձը չկասեցնելու, դրան չհակազդելու հետ։ ՔՕ հոդված 446 (պաշտոնեական անփութությունը)։
3-րդ դրվագը կապված է միջադեպի վայրում ընդհանրապես չգտնված Մկրտչյան Հենրիկին, Ասատրյան Գոռին և Ղազարյան Հովսեփին ակնհայտ ապօրինի ձերբակալելու հետ։ ՔՕ հոդված 478 (ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը)։
Հ.Գ. Քանի որ Հայաստանում արդեն այնպիսի վիճակ է, որ ցուցարարների վրա մեքենա քշողի փոխարեն ցուցարարներն են ձերբակալվում` ներպետական գործիքները սպառելուց հետո մենք չենք վարանելու գործածել միջազգային ջատագովության բոլոր գործիքները` ապօրինի քրեական հետապնդմանը հակազդելու համար»։