«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցեր»:
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու եւ Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարեւանությամբ։
Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի եւ Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության եւ հողագործության նպատակով:
Հարեւանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ․ կմ-ով մեծ։
Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեեւ թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի:
Կստացվի, որ Ալիեւը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը եւ այդ ժամանակ արդեն կսկսվի իրական աղետի վերջին փուլը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։