Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանի թևը «Նաիրի» ԲԿ-ում լավ չեն վիրահատել․ հնարավոր է՝ նորից վիրահատեն

13:17, 13 ապրիլ 2023
Ալեն Սիմոնյանի թևը «Նաիրի» ԲԿ-ում լավ չեն վիրահատել․ հնարավոր է՝ նորից վիրահատեն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կոտրված թևը հնարավոր է՝ նորից վիրահատեն։ Hayastan.news-ին հասած տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կոտրված արմունկը Երևանի «Նաիրի» ԲԿ-ում լավ չեն վիրահատել։ Մասնագետները մեզ ասացին՝ Սիմոնյանի արմունկի ճաճանչոսկրի պրոքսիմալ գլխիկի համադրությունը բավարար չէ, այսինքն՝ ճիշտ չեն համադրել, ու հիմա հնարավոր է՝ կրկնակի վիրահատության կարիք առաջանա։

 

Մենք տեղեկացանք, որ կոտրվածքից օրեր անց Գերմանիայի Դաշնություն կատարած այցի ընթացքում Սիմոնյանը հետազոտվել է նաև գերմանացի բժիշկների մոտ, և հենց նրանք են փաստել Երևանում կատարված ոչ բարեհաջող վիրահատության մասին։ Ու թեև նա մի քանի օր է՝ առանց թևկապի է, բայց դա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտվել է։

 

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար խաչատրյանը Hayastan.news-ի հետ զրույցում հաստատեց, որ Սիմոնյանը Գերմանիայում կրկնակի հետազոտություն է անցել և չհերքեց, որ հնարավոր է՝ նորից վիրահատվի։

 

«Քանի որ հետվիրահատական շրջանից բավական երկար ժամանակ չէր անցել, Գերմանիա գործուղման ընթացքում Ալեն Սիմոնյանը ցավեր ուներ, որի պատճառով դիմել էր բժշկական հետազոտության։ Այդ հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ հնարավոր է՝ կրկնակի վիրահատության կարիք լինի, սակայն Երևան վերադառնալուց և համապատասխան բժշկական հետազոտություն անցնելուց հետո՝ Զատկի օրը թևի կարերը քանդել են, հիմա արդեն կարողանում է շարժել, բայց բժիշկների խորհրդով պրոֆիլակտիկ հետազոտության պետք է գնա, որպեսզի հասկանալի լինի՝ արդյոք կրկնակի վիրահատության կարիք դեռ կա՞, թե՞ ամեն ինչ նորմալ է»,-ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։

 

Հիշեցնենք, Ալեն Սիմոնյանը թևը կոտրել էր մարտի 20-ին, կառավարական ամառանոցում, իր հավաստմամբ՝ մարզվելու ընթացքում ընկնելու հետևանքով։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ