Հետևեք մեզ։

Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք, վախկոտությունը մահ է սփռում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

11:42, 24 ապրիլ 2024
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք, վախկոտությունը մահ է սփռում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս

Հայրական մեր պատգամն ենք բերում մեր ժողովրդին։ Առկա անվտանգային սպառնալիքների հանդիման լինենք համերաշխ, լինենք միաբան ու միասնական, որպեսզի կարողանանք անկորուստ պահպանել հայրենի մեր երկիրը և անխռով՝ ազգային մեր կյանքը։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ ինչպես Սբ․ Վարդան Մամիկոնյան քաջ զորավարը պիտի ասեր՝ արիությանը վախկոտություն մի խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում, արիությունը ոգու զորությունն է՝ արիությունն ու ճշմարտությունը պաշտպանելու համար։ Սիրելի ժողովուրդ հայոց, ապրենք առ Աստված ապավինությամբ, հավատքով ու հույսով,  հզոր աննկուն, չտկարանանք դժվարությունների առջև։ Մեր Սուրբ նահատակների բարեխոսությամբ Աստված երկնային բարձունքներից հեղելու է մեր կյանքին խաղաղության, ապահովության ու անվտանգության իր օրհնությունները։ Մշտահունչ պահենք մեր հոգիներում և մեր սրտերում աղոթքն առ Աստված։ Աստված միշտ օգնական է լինելու և պահապան է լինելու մեր ժողովրդին այսօր և հավիտյանս։ Ամեն»,- նշեց Գարեգին Երկրորդը։