Հետևեք մեզ։

Տեղ համայքնում զոհված հատուկջոկատային Մկրտիչ Հարությունյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ էր

13:43, 13 ապրիլ 2023
Տեղ համայքնում զոհված հատուկջոկատային Մկրտիչ Հարությունյանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ էր
Ապրիլի 11-ին Սյունիքի մարզի Տեղ սահմանամերձ գյուղում թշնամու գնդակից զոհվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտ՝ հատուկ ջոկատային, հրամանատար, փոխգնդապետ Մկրտիչ Արմենի Հարությունյանը, հաղորդում է Գիտությունների ազգային ակադեմիան։
 
 
1989թ.-ին ծնված Մկրտիչ Հարությունյանը 2016-2018 թթ. սովորել է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայում՝ իրավագիտության մասնագիտությամբ:
 
 
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ողջ անձնակազմն ու ուսանողությունն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում հայրենիքի պաշտպանության համար զոհված Մկրտիչ Հարությունյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին:
 

«Կիսելով անդառնալի կորստի ցավը՝ ցանկանում ենք տոկունություն և ոգու ամրություն այս դժվարին պահին:

 
Մկրտիչ Հարությունյանի հիշատակը մշտապես վառ կմնա բոլորիս սրտերում՝ որպես իմաստուն և պայծառ ուսանողի, նպատակասլաց ու դժվարություններից չընկրկող մարդու, փայլուն զինծառայողի, մեծ հայրենասերի, ով իր կյանքը նվիրեց հանուն հայրենիքի:
 
 
Հավերժ փառք և խոնարհում հայրենիքի համար ընկած բոլոր մարտիկներին»: