Հետևեք մեզ։

Պարոն նախագահ, քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը, դա Ցեղասպանություն էր․ Արամ Ա-ն կոշտ պատասխան է տվել Էրդողանին

12:12, 24 ապրիլ 2024
Պարոն նախագահ, քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը, դա Ցեղասպանություն էր․ Արամ Ա-ն կոշտ պատասխան է տվել Էրդողանին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ հանդես է եկել պատգամով․

«Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչման օր չէ, այլ մեր պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է։ Թուրքիան ու իր «կրտեսեր եղբայր» Ադրբեջանը շարունակում են ուրանալ իրենց գործած համամարդակային ոճիրները, խեղաթյուրել հայոց պատմությունը, ոչնչացնել հայոց դարավոր հետքերը։ Հայ ժողովուդրը պետք է շարունակի իր պայքարը»։

Արամ Ա-ն իր պատգամում պատասխանել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին առ այն, թե «տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, ժամանակն է մի կողմ թողնել անհիմն հիշողությունները»։

«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները։ Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։ Պատմությունը վկայում է, նույնիսկ թուրք պատմագետների կողմից, որ ինչ կատարվեց 1915-ին իմ պապերի դեմ քո պապերի կողմից, Ցեղասպանություն էր՝ ծրագրված և իրականացված պետական մակարդակով»,- ասել է Արամ Ա-ն։

Անդրադառնալով Հայաստանը Սփյուռքին, Սփյուռքը Հայաստանին հակադրելու՝ Էրդողանի փորձերին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նշել է․ «Պարոն նախագահ, մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին։ Հայաստանն ու Սփյուռքը մեկ ամբողջություն է, մենք մեկ ազգ ենք՝ մեկ պահանջատիրությամբ։

Հետևաբար, արթուն եղիր հայոց ժողովուրդ, Կովկասից ներս համաթուրանական նոր դաշնակցության կազմավորումով Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են իրենց օղակի մեջ խեղդել Հայաստանը։ Հայաստանի ցեղասպան դրացիները խաղաղության հաստատման համար պայմաններ դնելով՝ փաստորեն սպառնում են Հայաստանի ամբողջականությանն ու անվտանգությանը, նույնիսկ՝ գոյությանը»։