Հետևեք մեզ։

Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչ

14:57, 24 ապրիլ 2024
Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչ

Իրական և առանձնահատուկ շանս է առաջացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեյովը։

Էլչին Ամիրբեյովը ընդգծել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը։ Նա դրական իրադարձություն է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի սահմանային հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունը և «4 գյուղերի վերադարձը Ադրբեջանին» և հավելել, որ դրանով Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են դե ֆակտո սահմանազատման գործընթացը.

«Այս համաձայնությունը (սահմանազատման մասին-խմբ.) ձեռք է բերվել կողմերի միջև երկկողմանի անմիջական շփման արդյունքում և առանց որևէ երրորդ կողմի ներգրավման։ Սա վկայում է այն մասին, որ մենք ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները։ Երկրորդ կետն այն է, որ Հայաստանն ինքը որոշեց վերջ տալ օկուպացիային, և դա արվեց ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ​​ճանապարհով։ Վերջին կետն այն է, որ սա ցույց տվեց, որ Ադրբեջանի դեմ հնչեցված տեսակետները, թե իբր Ադրբեջանը պատրաստվում է հարձակման Հայաստանի վրա և մտադիր է մնացած հարցերը լուծել ուժով, չեն համապատասխանում իրականությանը։

Էլչին Ամիրբեյովն ասել է, որ դեռևս չլուծված խնդիրներ կան։ Խոսելով այդ մասին՝ նա ասել է, որ եթե կողմերը շեշտում են խաղաղության համաձայնագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքը, ապա հայկական կողմը պետք է վերացնի այս համաձայնագրի տեքստի հետ կապված խնդիրը։

«Պետք է Հայաստանի ազգային օրենսդրության և Սահմանադրության փոփոխություն լինի, քանի որ ներկայիս տարբերակով Ղարաբաղը պատկանում է Հայաստանին։ Սա հողային պահանջ է Ադրբեջանի դեմ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ Հայաստանի վարչապետն արդեն մի քանի անգամ իր հայտարարություններում ընդգծել է, որ ընդունում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է»,-ասել է նա։