2024թ․ ապրիլի 24-ին Աննա Հակոբյանի և նրա դստեր կողմից Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու, և հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու գործողությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին լուրը Hayastan.news-ի հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը;
«Նույն օրը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից Ոստիկանության բաժին է տարվել 7 անձ, որոնք այնուհետև ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։ Որոշումներ են կայացվել վերոնշյալ արարքներն առերևույթ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նրանց ձերբակալելու մասին: Հանգամանքները պարզվում են նախաքննությամբ»,-ասաց նա։