Իմ ունեցած տեղեկություններով՝ ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում, և կա երկիր, որը դրա կարիքն ունի, և եթե որևէ խոչընդոտ չկա, ամեն բան քննարկելի է։
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդարադառնալով Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առ այն, թե պետք է քննարկվի Ադրբեջանից գազ գնելու հարցը։
Հարցին՝ ինչո՞ւ հենց Ադրբեջանից, Թունյանը պատասխանեց․
«Հայաստանի համար կամ որևէ այլ երկրի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը։ Պետք է գնի այնտեղից, որտեղից ամենաէժանն և որտեղից ամենաշահեկանն է։ Այս պահին ռուսական գազը և իրանական գազը մեր տնտեսության ամբողջական պահանջը բավարարում է»,- ասել է նա։