Հետևեք մեզ։

Անմիջական պատասխանատվություն ունեցող պետական գործիչները ստվերում են, այլոց ձեռքերով են ուզում «կրակից» շագանակներ հանել. Ասողիկ քահանա Կարապետյան

13:14, 27 ապրիլ 2024
Անմիջական պատասխանատվություն ունեցող պետական գործիչները ստվերում են, այլոց ձեռքերով են ուզում «կրակից» շագանակներ հանել. Ասողիկ քահանա Կարապետյան

Քաղաքական մտքի և ուժերի ամլություն է, այս ոլորտում կատարյալ վախկոտություն է, միաժամանակ՝ անհագուրդ սնափառություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը։


«Պետական հասարակարգում և մարմիններում ուրույն տեղ զբաղեցրած, որոշակի ճանապարհ անցած գործիչները և ուժերը, որոնք անմիջական պատասխանատվություն ունեն պետության ներկայի և գալիքի համար՝ լուռ են, ստվերում են: Այլոց ձեռքերով են ուզում «կրակից» շագանակներ հանել. փոխանակ իրենց՝ հոգևոր այրերն են հանդես գալիս ի պաշտպանություն ազգային գերագույն շահերի:


Այո, հոգևորականներին ի վերուստ տրված կոչումն է նաև Ազգայինի պահպանությունն ու պաշտպանությունը: Սակայն պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք: Վե՛րջ տվեք պետական դավադրությանը, որը, ահա, այսքան տարիներ խարխլում է հիմերը Հայոց պետականության:


Ազգային կյանքում երբե՛ք ներելի չէ երկփեղկությունը: Ազգային սուրբ միությունն իրագործվում է Սբ Եկեղեցով, որով բոլորը դառնում են մեկ ազգ և մեկ հայրենիք՝ կոչվելով մեկ հայրենաշեն առաքելության:
Հայոց Սբ Եկեղեցին ձեզ ամենքիդ ի մի է բերել համերաշխության զոհասեղանի առջև, արդ, արիաբար ինքնազոհաբերվեք հանուն լույսի և հզոր Հայաստանի»,-գրել է նա։

Վերլուծական