Հոսպիտալացվեցի և կրկին կյանքս փրկեցին, փրկեցին երրորդ անգամ։ Չգիտեմ՝ ինչո՞ւ է ճակատագիրը նման խաղ խաղում և պատմությունը կրկնվում, բայց ես հիվանդանոցում եմ հայտնվում այն փուլում, երբ իմ կյանքին վտանգ է սպառնում։
Այս մասին Ամալյա Հովհաննիսյանին տված հարցազրույցում ասել է լրագրող Անի Քոչարը՝ խոսելով սրտի առողջական խնդիրների մասին։
«Չգիտեմ բարեբախտաբար, թե դժբախտաբար ասեմ, որ օնկոլոգիական խնդիր չէ, որովհետև չգիտեմ, թե որն է չարյաց փոքրագույնը, բայց լավ է, որ կկարողանամ ընտանիքիս ու բալիկներիս կողքին մնալ։ Կրկին շատ երկար ճանապարհ է սպասվում և իմ հույսը կրկին ու կրկին տեր է։ Ես շատ հարգում ու վստահում եմ իմ բժիշկներին, բայց թող ներեն նրանք ինձ, ինձ համար բացառապես Տերն է որոշողը և ես գիտեմ, որ եթե որևէ բան որոշի նա իմ կյանքի համար և ինձ համար որևէ նոր լուծում մտածի, ապա բժշկությունն անզոր է դրա դեմ։ Ըստ բժիշկների՝ ես պետք է ողջ կյանքս դեղորայքով ապրեմ և գուցե հետագայում պետք լինի սրտի փոխպատվաստում, բայց ես կարծում եմ այդ փուլին չեմ հասնելու։ Անի, չլացես, չեմ լացելու, որ ընտանիքիս անդամները չսրտնեղեն։ Ես վստահ եմ, որ ինձ համար հերթական մի հրաշքն է պատրաստված»,-ասաց Անի Քոչարը։
Նա նշել է, որ վերջին օրերին մտածել է, որ եթե դա հերթական քննություն է Տիրոջ առջև, պատրաստ է անցնել Տիրոջով ու անսասան հավատով։
«Եթե պետք է ես հերթական քննությունը հանձնեմ, ապա ես այն գերազանցությամբ եմ հանձնելու, որովհետև կյանքի որևէ քննություն ինձ չի հեռացնելու Տիրոջից, որքան էլ դաժան լինի։ Ես չեմ մտածելու, թե եթե Աստված լիներ, ապա ինչու է այս ամենը տեղի ունենում ինձ հետ, ոչ։ Ես հոժար եմ փորձության հետ, եթե Տիրոջ փառքի համար է»։
Նա ասել է, որ մահվան հետ հաշտվել է քաղցկեղի ժամանակ, և հայտնել, որ քրիտոսնյան մահից չպետք է վախենա։
«Իմ ամենթույլ տեղը իմ բալիկներն են արդեն, ոչ թե բալիկը, ես իմ բալիկներին պետք է մեծացնեմ։ Ինձ ասում են՝ դու ես ասել՝ հանձնվել չկա, իհարկե չկա, ես դեռ Մարիայիս ձեռքը պետք է բռնեմ, դպրոց տանեմ, Դավիթիս հարսանիքին պետք է պարեմ, հանձնվել չկայի մասին խոսք անգամ չկա»։
Անի Քոչարը հայտնում է, որ ինչպես իր գրքում է գրել՝ դպրոցական կյանքում էլ մահացու հիվանդություն է հաղթահերել, և սա երրորդ փորձությունն է։