Ապրիլի 28-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բլինկենը նախ շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման ոլորտում ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա ողջունվել է ԱՄՆ-ի կողմից։
Ալիևը նշել է, որ երկու երկրների սահմանազատման վերաբերյալ հանձնաժողովի ձեռք բերված համաձայնությունը երկկողմանի հիմունքներով վարվող բանակցությունների արդյունք է երկխոսության և փոխըմբռնման պայմաններում։ Նաև ընդգծել է, որ սահմանազատման գործընթացից հետո երկու երկրների սահմանին սահմանագծման աշխատանքների մեկնարկը դրական քայլ էր։ Ըստ նրա՝ համաձայն ղազախական կողմի առաջարկի՝ շարունակելու են բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ, մոտ ժամանակներս Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները կհանդիպեն Ալմաթիում։
Պետքարտուղար Անտոնի Բլինկենը, հայտնելով իր երկրի մտադրությունը՝ ամրապնդել ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, նշել է էներգետիկայի, կլիմայի, տրանսպորտի, COP29 ոլորտներում համագործակցության հարցերը։ Երկրի ղեկավարն իր հերթին ընդգծել է Ադրբեջանի շահագրգռվածությունը Միացյալ Նահանգների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում։
«Բլինկենը բարձր է գնահատել վերջերս Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ ձեռնարկված քայլերը և ցանկություն հայտնել, որ դա կայուն լինի»,-գրում են Բավքում։
Ամերիկյան կողմը հայտնում է․ «Բլինկենը կրկին կոչ է արել Ադրբեջանին պահպանել միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն ձերբակալվածներին»։