Հետևեք մեզ։

Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի ժամանակ Փաշինյանը խախտել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը (տեսանյութ)

09:55, 29 ապրիլ 2024
Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի ժամանակ Փաշինյանը խախտել է «ՀՀ օրհներգի մասին» օրենքը (տեսանյութ)

 Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ներկա էին գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին, որն աչքի ընկավ երկու գործոնով․ առաջինը անհիմն բարձր մրցանակային ֆոնդն էր՝ առաջին, երկրորդ և երրորդ տեղը զբաղեցնողներին համապատասխանաբար՝ 4 մլն,2,5 մլն և 1,5 մլն, և ամենակարևորը՝ Փաշինյանը խախտել է «ՀՀ  օրհներգի մասին» օրենքը։

Խախտողը ՀՀ վարչապետն է, ով դրոշի գույնի, ձևի և այլ հարցերի մասին բազմաթիվ անդրադարձ է արել, Կառավարության նիստին նորմեր սահմանել և այլն։ Գուցե որոշ անդրադարձներ տեղին են, բայց դա այն դեպքում, երբ ինքդ օրենքները գոնե այդ մասով չես խախտում։

Անտրամաբանական բյուջեով սիրողական մրցաշարի ավարտին Չարենցավանում հնչել է ՀՀ պետական օրհներգը։ Օրհներգի մասին օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ ներկայացվող պահանջները, որի 1 կետի պահանջն է․

«Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ բոլորը հոտնկայս են (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի»:

Նիկոլ Փաշինյանը օրհներգի ժամանակ չի հանել գլխարկը։

Հոդված 9-ը սահմանում է․ «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով»:

 Ինչ  խոսք, բացառապես դպրոցականների համար անցկացվող սիրողական մրցաշարում, որի համար ծախսվել է 24 մլն դրամ, դպրոցականները տեսել են, թե ինչպես է վարչապետը խախտում ՀՀ օրհներգի մասին օրենքը։ «Ուսուցողական» մրցաշար է ստացվել՝ մի ամբողջ կառավարական թիմի մատուցմամբ։