Հետևեք մեզ։

Ի վերջո բոլո՞րն են հավասար օրենքի առաջ, թե որոշ մարդիկ ավելի հավասար են․ Արսեն Թորոսյանը՝ Աննա Վարդապետյանին

12:58, 29 ապրիլ 2024
Ի վերջո բոլո՞րն են հավասար օրենքի առաջ, թե որոշ մարդիկ ավելի հավասար են․ Արսեն Թորոսյանը՝ Աննա Վարդապետյանին

2018-ի համեմատ 2023 թվականին եղել է դատարանների կողմից կալանավորումների հաստատումների կրկնակի աճ։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ դիմելով Աննա Վարդապետյանին։

«Ուզում եմ հասկանամ՝ սա նախաքննական մարմինների կողմից միշտ հայցվող և դատախազության կողմից երբեմն հաստատվող միտումն է, որ հիմա դատախազական հսկողությունը թուլացել է և դուք հիմա ամեն ինչ հաստտաում եք, թե մենք իրոք էդքան վատ վիճակում ենք։ Սա պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ։ Կարող է լինել տպավորություն, որ սա կարող է լինել որպես պատժի, նաև որպես խոստովանանքներ կորզելու միջոց»,- ասաց Թորոսյանը։

Թորոսյանը անդրադարձավ խոշտանգումների դեպքերին։ Նա նշեց, որ խոշտանգումների դեպքեր են ինչպես ոստիկանական բաժանմունքներում, այնպես էլ քննչական մարմիններում։

«Օրինակ անցած տարի Տիգրան Առաքելյանը մեղադրեց Քննչական կոմիտեի նախագահի և Երևանի քննչական կոմիտեի ղեկավարին իրեն անձնապես իրենց կաբինետում խոշտանգելու մեջ, իրենց մասով կա՞ գործ, մեղադրանք առաջադրվե՞լ է այդ 2 մարդկանց, իրենց պաշտոնավարումն ինչո՞ւ չի դադարեցվել, որովհետև ուրիշների դեպքում ջանասիրաբար այդ ամեն ինչն արվում է։ Ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո բոլո՞րն են հավասար օրենքի առաջ, թե որոշ մարդիկ ավելի հավասար են»,- նշեց նա։