Հետևեք մեզ։

Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին, Ադրբեջանի հասարակությունը կարծում է՝ «այդպես վտանգի տակ կլինեն Գադաբեյի, Շամքիրի, Գյանջայի, Թովուզի ողջ տարածքը»

17:12, 29 ապրիլ 2024
Ադրբեջանցի պատգամավորն առաջարկում է Արծվաշենը վերադարձնել Հայաստանին, Ադրբեջանի հասարակությունը կարծում է՝ «այդպես վտանգի տակ կլինեն Գադաբեյի, Շամքիրի, Գյանջայի, Թովուզի ողջ տարածքը»

Ադրբեջանական ITV-ն հարցում է անցկացրել «Կարո՞ղ են փոխանակվել Ադրբեջանի 4 էքսկլավային գյուղերը» վերտառությամբ։Հրապարակված տեսանյութում Ադրբեջանի խորհրդարանի անկախ պատգամավոր Ռասիմ Մուսաբեովը խոսել է Արծվաշենի՝ ՀՀ-ին վերադարձնելու կամ փոխանակման հավանականության մասին։

 

«Պետք է ճանապարհ լինի այնտեղ հասնելու համար։ Այդ ճանապարհը պետք է փոխադարձ լինի․ Արծվաշենի  (խմբ․) ճանապարհը պետք է անցնի Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանի էքսկլավներինը՝ Հայաստանի տարածքով։ Սա փոխադարձ խնդիր է, որը պահանջում է որոշակի փոխանակում կամ փոխզիջում։ Եթե ​​ճանապարհ տրվի, պետք է գազ, ջուր, լույս անցկացվի, պետք է պաշտպանվի այդ ճանապարհը։ Սա հեշտ գործ չէ։ Փոխանակումն ինձ ավելի ձեռնտու է թվում»։

 

Նա ասել է, թե Արծվաշենը «ռազմավարական նշանակություն» չունի։

 

Ադրբեջանական հասարակության շրջանում այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել, տարատեսակ գործիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որոնցում կարմիր թելով անցնում է նույն միտքը․ «Եթե ​​ինչ-որ կերպ Արծվաշենը մեր ձեռքից բաց թողնենք, կյանքս այնտեղ կավարտվի։ Մեր արյան գնով ենք վերցրել այդ հողը։ Արծվաշենի՝ հայկական կողմին անցնելը նշանակում է, որ վտանգի տակ է լինելու Գադաբեյի, Շամքիրի, Գյանջայի, Թովուզի ողջ տարածքը՝ Շինիխի գոտու 28 գյուղերի հետ միասին»։

 

 

Դիանա Կարապետյան