Հետևեք մեզ։

Կադաստրի ենթակայության տակ գտնվող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել․ Տիգրան Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

17:22, 30 ապրիլ 2024
Կադաստրի ենթակայության տակ գտնվող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել․ Տիգրան Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ամբիոնից հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

«Արդարադատության նախարարությունը սահմանագծման և սահմանազատման ապօրինի գործընթացի վերաբերյալ մի հայտարարություն տարածեց, որ լի էր մանիպուլյացիաներով։ Նշվում է՝ «Սահմանազատման գործընթացը իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Սա բացարձակ սուտ է»,- ասել է Աբրահամյանը և մանրամասնել, որ խորհրդային շրջանի սահմանազատման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունն է։

«Ինչո՞ւ են այդ քարտեզները կարևոր: Տավուշի հետ կապված նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք։ Կարծում եմ՝ բոլորին էլ պարզ է՝ ինչ կարևորություն ունեն այդ քարտեզները»,-ասել է Աբչահամյանը։

Աբրահամյանը ներկայացրել է, որ գոյություն ունի պաշտոնական փաստաթուղթ այն մասին, որ 2022 թվականի դրությամբ այդ քարտեզները պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում, միևնույն ժամանակ մեկ այլ պաշտոնական փաստաթղթում նշված է, որ քարտեզները այս պահին արդեն առկա չեն: 

«Եթե քարտեզները այլևս գոյություն չունեն, հարց է առաջանում՝ ինչով է առաջնորդվում Հայաստանի կառավարությունը Բաղանիսի և Ոսկեպարի տեղամասում սահմանազատում կատարելիս»,-ասել է Աբրահամյանը և ընդգծել, որ Կադաստրի ենթակայության տակ գտնվող քարտեզները կամ ոչնչացվել են, կամ իշխանությունը փորձում է դրանք թաքցնել և որ Դատախազությունը սա պետք է ընդունի որպես հանցագործության մասին հաղորդում։