Հետևեք մեզ։

Վրաստանում արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել բազմամարդ ցույցը ցրելու համար (տեսանյութեր)

01:21, 01 մայիս 2024
Վրաստանում  արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել բազմամարդ ցույցը ցրելու համար (տեսանյութեր)

Թբիլիսիում շարունակվում է  օտարերկրյա գործակալների  մասին օերնքի դեմ բողոքի ցույցները։ Այսօր իշխանությունները կոշտ միջոցներ են ձեռնարկել ցույցը ցրելու համար։ Հատուկ ջոկատայինները Ռուսթավելի պողոտայից դուրս են բողոքող ցուցարարներին՝ կիրառելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։

Կան նաև տուժածներ, որոնց օգնություն են ցուցաբերել դեպքի վայր ժամանակ շտապօգնության բժիշկները։

«Չնայած տեղում ոստիկանների բազմաթիվ կոչերին, հանրահավաքի մասնակիցները չեն ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։ Կարգ ու կանոնը վերականգնելու համար ՆԳՆ-ն կիրառել է օրենքով նախատեսված հատուկ միջոցներ։ Հանրահավաքի մասնակիցները բանավոր և ֆիզիկապես առերեսվել են իրավապահների հետ, ինչպես նաև տարբեր առարկաներ են նետել նրանց ուղղությամբ։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում քաղաքական առաջնորդներին, հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին չգերազանցել օրենքով սահմանված հավաքների և ցույցերի նորմերը»,- նշված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ հատուկ ջոկատայինները ձերբակալել են ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլիին։

Իրադարձություններին արագ արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Վրաստանի նախագահը տարածած հայտարարության մեջ ասվում է․ «Դիմում եմ ՆԳ նախարարին՝ անհապաղ դադարեցնել բողոքի խաղաղ ակցիան ճնշելը, անհամաչափ ուժի կիրառումը, բռնությունը բաց ձեռքերով եկած երիտասարդների նկատմամբ։

Դիմում եմ հանրային պաշտպանին՝ անհապաղ արձագանքել՝ դադարեցնելու հատուկ ջոկատայինների բոլոր անհիմն և ոչ տեղին գործողությունները։

Պարզ երևում է, որ ակցիան ընթանում էր խաղաղ, այն որևւէ վտանգ չէր ներկայացնում»։

 

Նշենք, որ օրենքը նախատեսում է ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց և լրատվամիջոցների գրանցումը որպես «օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպություններ»՝ արտերկրից ստացված որոշակի եկամուտի դեպքում։

 

Տեսանյութերը՝ Telegram-ում։