Հետևեք մեզ։

Եթե Ազատի զորամասի տղաները գիտակից վիճակում լինեին, ոչ ոք չէր զոհվի, հնարավոր է՝ ռուսական ուժեր են արել, ես ոչինչ չեմ բացառում․ զոհվածի ծնող

10:59, 01 մայիս 2024
Եթե Ազատի զորամասի տղաները գիտակից վիճակում լինեին, ոչ ոք չէր զոհվի, հնարավոր է՝ ռուսական ուժեր են արել, ես ոչինչ չեմ բացառում․ զոհվածի ծնող

Ազատի զորամասի 15 երիտասարդին՝ բոլորին ճանաչել եմ, եթե տղաները գիտակից վիճակում լինեին, ոչ ոք չէր զոհվի, դա փաստ է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողներից Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

«Ուղղորդումը տեղի ունեցավ վարչապետից՝ դեպքի հաջորդ օրը հելավ, փակեց։ Հնարավոր է՝ այնպիսի ուժեր են այս երեխաներին սպանել, ինքը չի կարող ինչ-որ բան անել, օրինակ ՌԴ-ից եկել, կամ՝ չասեմ ես կոնկրետ,  ինչ-որ մեկն եկել այս ամենն արել է, հնարավոր է ռուսական ուժեր են արել, ինքն ի վիճակի չէ նրանց «հախից գալ», ես էլ ծնող եմ, կպահանջեմ՝ կասեմ՝ տար, փակի»,-ասաց նա։

«Կենդանին, որ կենդանի է, մինչև կյանքի վերջ պայքարում է։ Էդ հինգ լիտրանոց տարան կիսով չափ լցված բենզինով ինչ եղավ, որ առաջին վյրկյաններին այդ տղաները տեղերից չհելան, ում են հիմարի տեղ դրել»,-ասաց նա՝ վկայելով այն փաստը, որ փրկարար ծառայության պաշտոնյան ասել էր՝ 15 զինծառայողներից 14-ը եղել է իրենց քնելու դիրքով։

Զինվորի ծնողի խոսքով՝ վկաները նոր վարկած են առաջարկում, նախաքննության ընթացքում տված ցուցմունքին հակասական բաներ են ասում․ «Ոչ մեկ այդ հակասությունները հաշվի չի առնում, մեկը չի ասում՝ տո այ շան վաստակ, դու նախաքննության ժամանակ այլ բան ես ասում, հիմա այլ բան ես ասում։ «Կառաուլը» տեղում չի եղել, ինչի էսօր փակված չի, մտել է ներս  չայ խմելու։ Արի ու մի ասա՝ այ անբարոյական, էդ 15 հոգին մտել էին քնելու քո հույսին, դու մտել ես չայ խմելու։ Եթե ես միամիտ լինեմ ու պաշտոնական վարկածին հավատամ, առաջինը օրապահը պետք է ձերբակալված լիներ, որովհետև եթե ինքը նստեր վառարանի կողքն ու ժամանակին ցախ գցեր, «փեչը» չէր հանգի, էն էլ չէր բերի պաժառ տա, եթե հավատանք իրենք վարկածին»։

Հիշեցնենք` ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ 2023-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։