Աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի նախկին ղեկավար Չանգպեն Չժաոն երեքշաբթի օրը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել փողերի լվացման մասին ԱՄՆ օրենքները խախտելու մեջ և ստացել է շատ ավելի կարճ պատիժ, քան դատախազները պահանջում էին:
Binance-ի հիմնադիրը, որը հայտնի է պարզապես «CZ» անունով, համարվում էր կրիպտոարժույթների աշխարհում ամենաազդեցիկ գործիչը: Սա արդեն կրիպտոարժույթի խոշոր հարթակի երկրորդ ղեկավարն է, որը հայտնվել է բանտում:
Սիեթլում դատավորի կողմից 47-ամյա Չժաոյի նկատմամբ նշանակված պատիժը ցածր է դաշնային դատարանների համար նախատեսված 18 ամսվա առավելագույն չափից և ավելի քիչ, քան այն երեք տարին, որը մեղադրող կողմը պահանջել էր:
Համեմատության համար նշենք, որ փլուզված FTX կրիպտոարժույթի բորսայի նախկին գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը մարտին դատապարտվել է 25 տարվա ազատազրկման՝ իր հիմնադրած հարթակի հաճախորդներից 8 միլիարդ դոլար յուրացնելու համար:
Դատավճիռ կայացնելիս դատավոր Ռիչարդ Ջոնսն ասել է, որ Չժաոն կրիպտո փոխանակման շահութաբերությունն ու աճը վեր է դասել ամերիկյան օրենքներից: Դատախազներն ասում են, որ Binance-ը գործել է ընդունելով հանցագործներին իր հարթակում և չի զեկուցել ավելի քան 100,000 կասկածելի գործարքների մասին, որոնք վերաբերում են ահաբեկչական խմբավորումներին՝ ՀԱՄԱՍ-ին, Ալ-Քաիդային և ԴԱԻՇ-ին: Դատախազները նաև պնդում էին, որ բորսան աջակցել է մանկական պոռնոգրաֆիկ նյութերի վաճառքին ևս։
Binance-ը համաձայնել է 4,32 միլիարդ դոլար տուգանքի։