Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հեռանկարները հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով, ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
«Վրացական կառավարության հայտարարություններն ու գործողությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին, որոնք հիմք են հանդիսանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելուն և վտանգում են Վրաստանի ուղին դեպի եվրաատլանտյան ինտեգրում»,- ասվում է Միլերի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն 32 տարի օգնություն է ցուցաբերում վրացական տնտեսությանը, ինչին ի պատասխան՝ Թբիլիսին սխալ է բնութագրում այդ համագործակցությունը, ինչը խաթարում է այն։
Միլլերն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները դատապարտում է ուժի կիրառումը ցուցարարների նկատմամբ։ Միաժամանակ, վեճի առարկա դարձած օրենքը, ըստ նրա, «ներշնչված» է Մոսկվայից։ Միլլերը լռել է այն մասին, որ ԱՄՆ-ն ինքը վաղուց ունի օրենք օտարերկրյա գործակալների մասին։
Չորեքշաբթի ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ խորհրդարանը երրորդ ընթերցմամբ կքվեարկի օտարերկրյա գործակալների մասին օրինագծին երկու շաբաթից։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա, եթե խորհրդարանն այն ընդունի վերջնական ընթերցմամբ։ Այս դեպքում օրենսդիր մարմնի համար դժվար չի լինի հաղթահարել պետության ղեկավարի վետոն։ Դրա համար խորհրդարանին անհրաժեշտ է պատգամավորների մեծամասնության ձայները: