ՀՌՀ տարեկան հաղորդումը սկսվում է կառույցի շատ ազնիվ նպատակադրման մասին հաստատումով՝ բարձրացնել հանրության վստահությունը։ Հետո շարունակվում՝ անհնար է ձեռք բերել վստահությունն և հարգանք, եթե կարգավորող մարմինը չի ապահովում անչառություն և անկախություն, ունակ չէ ձերբազատվել քաղաքական և ընկերական կողմնակի ազդեցությունից։
Հրաշալի է, բայց սոսկ տեսականորեն և միայն թղթի վրա:
Այս մասին ԱԺ-ում՝ ՀՌՀ նախագահի տարեկան հաշվետվության վերաբերյալ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ ստորև․
«Պարոն Հակոբյան, չեմ հավատում։ Դուք համոզիչ չեք, որովհետև իրականությունը և հատկապես ձեր և ՀՌՀ որոշ անդամների հանրային վարքը բոլորովին այլ բանի մասին է խոսում։
Իր լիազորություններն իրագործելիս ՀՌՀ-ն՝ իբրև անկախ սահմանադրական կառույց պետք է առաջնորդվի մի շարք օրենքներով, գլխավորապես Սահմանադրությամբ և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով։
Սահմանադրության 197-րդ հոդվածը սահմանվում է. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չեն կարող լինել կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Հրապարակային ելույթներում նրանք պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն»։
Այս պահանջն է ամրագրված նաև «Տեսալսողական Մեդիայի մասին» ՀՀ Օրենքի հոդված 34-ում, հետևյալ լրացումով՝ Կարգավորող պետական մարմնի անդամները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Եվ ամենակարևորը՝ Կարգավորող պետական մարմնի անդամի պարտականությունները գերակա են նրա կողմից իրականացվող այլ գործունեության նկատմամբ»:
Դուք, Պրն Հակոբյան, ըստ էության արհամարհել եք, թե Սահմանադրական նորմը, թե Օրենքը՝ զբաղվելով ձեր պաշտոնի հետ անհամատեղելի գործունեությամբ։
Տևական ժամանակ է, որ իշխանությունների մեդիա հարթակի և նրա քաղաքական հիմնական խոսափողի վերածված Հ1-ում, Պետրոս Ղազարյանի հետ քաղաքական հաղորդում եք վարում՝ անցնելով քաղաքական զսպվածության բոլոր սահմանները՝ իշխանահաճո քաղաքական գնահատականներ հնչեցնելով ոչ իշխանական քաղաքական ուժերի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ազգային ինստիտուտների նկատմամբ։
Մինչդեռ դուք՝ ի պաշտոնե, որպես կարգավորող պետական մարմնի նախագահ, քաղաքական չեզոքության և քաղաքական բազմակարծության երաշխավորը պիտի լինեիք։ Դուք, որ պաշտոն ստանձնելիս երդվել եք հավատարիմ լինել Սահմանադրությանը և օրենքներին, պարտականությունները կատարել առավելագույն բարեխղճությամբ, ազնվությամբ և անկողմնակալությամբ, Հանրայինի «Դիալոգ» քաղաքական- վերլուծական հաղորդման շրջանակներում վերածվել եք քաղաքական մեկնաբանի և իշխանական նարատիվների քարոզչագործիքի։ Սա պարզապես անընդունելի է, անարգանք և արհամարհանք սահմանադրությանը, պետականությանն ու օրենքի գերակայությանը։
Ահա ձեր և Պետրոս Ղազարյանի համատեղ հաղորդումներից մի քանի խորագրեր՝ «ԼՂՀ․ փրկություն, թե՞ իշխանափոխություն», «Ի՞նչ էին անում խաղաղապահներն ու ինչու՞ հեռացան», «Ընդդիմադիր ավագանիներին մանդատից զրկելու և տրանսպորտի ռեֆորմների մասին», «Ինչի՞ հետևանք են սահմանային վերջին իրադարձությունները և ինչպե՞ս կարող են ազդել քաղաքականության վրա», «Օսկանյանի վերջին հայտնությունը», «Ռուսաստանի ապագան, Հայաստանի ներկան», «Տավուշ, ընդդիմություն, եկեղեցի. Թացը՝ չորից»։
Ամենալավագույն ցանկության դեպքում սա ոչ կրթական, ոչ գիտական, ոչ էլ՝ ստեղծագործական գործունեություն է։ Ձեր կոնտեքստում սա հակաօրինական, ձեր լիազորությունները վերազանցող գործունեություն է, որը ոչ վստահություն, ոչ էլ հարգանք չի կարող ներշնչել, որովհետև դուք ակնհայտորեն խախտել եք ՀՌՀ անդամի անհամատեղելիության պահանջներից մեկը՝ ստանձնելով պրոիշխանական, օպերատիվ լրագրողի, նրա քաղաքական նարատիվների մեկնաբանի առաքելություն։ Ի դեպ, ՀՌՀ անդամի անհամատեղելիության պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում նրա լիազորությունները կարող են դադարեցվել Ազգային ժողովի կողմից։
«Որպես քաղաքացի՝ իմ կարծիքն իմ մեջ չեմ ուզում պահել, գտնում եմ, որ ասելիքներ ունեմ», արդարանում եք դուք։ Կարծիքն ունենալու իրավունքից ձեզ որևէ մեկը չի կարող զրկել, բայց կողմորոշվեք՝ եթե ձեր կարծիքն ու քաղաքական համոզումները հանրայնացնելն այդքան թանկ են և գերակա, քան ձեր պաշտոնի գերակայությունը, ՀՀ սահմանադրությունն ու ձեր կառույցի գործունեությունը կարգավորող օրենքը, կարող եք զբաղվել քաղաքական լրագրությամբ։
Պրն, Հակոբյան, ձեր գնահատականներում անգամ գերազանցել եք ձեզ, հանձնաժողովի նիստում, իմ բացակայությամբ, հայտարարելով, ցիտում եմ՝ «Ամեն դեպքում իմ բառապաշարն ավելի նուրբ է, քան տիկին Գալստյանի ու որոշ կուսակցությունների բառապաշարը»։
Դուք՝ որպես ԱԺ-ին հաշվետու կառույցի ղեկավար, իմ քաղաքական բառապաշարը, իմ համոզումները կամ քաղաքական վարքը գնահատելու լիազորություն չունեք։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ ես, ինչպես և ԱԺ ցանկացած պատգամավոր, սեփական համոզումների և արժեքների դաշտում եմ գործում։ Եվ երկրորդ՝ որպես ԱԺ պատգամավոր, ձեր հրապարակային գործունեությունը գնահատելու և վերահսկելու գործառույթ ես ունեմ։
Ձեր բառապաշարի չակեչտավոր նրբությունն անգերազանցելի է․ դուք սահմանադրական անկախ մարմնի այն ղեկավարն եք, որը սոցիալական հարթակում մեկ այլ հանրային անձի հրապարակայնորեն «իդի վ ժոպու» բառապաշարով է դիմում։ Եվ դուք դեռ կասկածի տակ եք դնում իմ բառապաշարը և մտահոգություն հայտնում, թե ատելության խոսքը մեծագույն սպառնալիք է հասարակությանը։
Ձեր քաղաքական և հրապարակային անզսպվածության օրինակները, ցավոք, եզակի չեն։ Մեկ այլ լրատվամիջոցի կին լրագրողի հարցերին ի պատասխան դուք տեսախցիկի առջև պոռթկում եք․ «Դուք խուժան լրատվամիջոց եք, լավ եմ անում, հետույքով նստած բաներ եք մտածում»։ Ես ներողություն եմ խնդրում այս բառերն այս ամբիոնից հնչեցնելու համար, բայց սրանք անաչառություն, անկողմնակալություն, բազմակարծություն խոստացող և հանրային շահ սպասարկող սահմնադրական մարմնի նախագահի հրապարակային խոսքից են։
Տրիվիալ մի ճշմարտություն՝ պաշտոնը, որը դուք եք զբաղեցնում, իրավական և սոցիալական բարձր պատասխանատվություն է ենթադրում, նաև վարքականոնի բարձր նշաձող։
Բայց դուք մենակ չեք՝ ՀՌՀ մեկ այլ անդամ՝ բանաստեղծ Հակոբ Մովսեսը, որն այս ամբիոնից եթերը մաքրելու, հանրային համերաշխության, քաղաքական չեզոքության և էլի բարձր արժեքներից էր խոսում, դարձյալ վերածվել է իշխող կուսակցության վստահված անձի և դարձյալ Հ1-ի եթերում, քաղաքական հաղորդման շրջանակներում հայտարարում է՝ «Եթե այսօր այս իշխանությունները տապալվեն, մեր երկիրը կվերածվի դժոխքի»։
Անհերքելի է՝ դուք ՀՌՀ-ում եք, որովհետև հավատարիմ եք օրվա իշխանությանը։ ՀՌՀ մեկ այլ անդամ, Հասմիկ Հակոբյանը ևս հանդուրժողականության ու զսպվածության հետ խնդիր ունի․ նա հայտնի է որպես մի խմբագիր, ով «Գրանիշ» կայքէջից հայտարարությամբ հեռացրել էր ոչ իշխանական հայացքներ ունեցող գրողների։
Ի դեպ, Պրն Հակոբյան, դուք կարծես թե օրինապահության հետ խնդիրներ ունեք․ որքան հիշում եմ, 1995-ին Հեռուստատեսության և ռադիոյի պետական վարչության պետի պաշտոնին հրաժեշտ տվեցիք, որովհետև Հանրապետական ընտրությունների վերջին՝ լռության օրը, ի շահ օրվա քաղաքական մեծամասնության/ՀՀՇ-ի/ խախտել էիք ընտրական օրենսգիրքը։
Հավանաբար նախկինները, իսկ ավելի կոնկրետ՝ հանրապետականը, 2016-ին ձեզ ընտրելով ՀՌՀ անդամ, հատկապես գնահատել է ձեր այս՝ մշտապես պրոիշխանական հավատարմությունը։ Այստեղ էլ մենակ չեք, այս դահլիճում այլ նախկիններ էլ կան։
Սիրելի հայրենակիցներ, Աժ իշխանական պատգամավորների քվեարկությամբ՝ «Պետական պաշտոններ ունեցող անձանց վարձատրության մասին» օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում ՀՌՀ նախագահի աշխատավարձի դրույքաչափի գործակից սահմանվեց 14-ը։ Այն հավասարեցվեց ԿԸՀ նախագահի վարձատրությանը՝ դառնալով 1 մլն 164 հազար դրամ՝ պատգամավորի աշխատավարձի կրկնակին, այն էլ խորհրդարանական երկրում։
Սա, իհարկե, աբսուրդ է, թեև ակնհայտորեն հասկանալի․ բռնատիրության վերածված այս իշխանությունների համար որքան որոշիչ և հենարանային են ԿԸՀ-ն, ՀՌՀ-ն, դատախազությունն ու Ոստիկանությունը։
Եվ, իհարկե, սա առատ վարձատրությունն է իշխանությանը մատուցած ձեր ծառայությունների և ոչ իշխանական TV-ներին եթերից զրկելու որոշումների դիմաց»։