Հետևեք մեզ։

«Ապագա կա»․ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի երեք որդին աշխատում են պետական կառույցներում․ մեքենաների վաճառքով են զբաղվում, անշարժ գույքեր ունեն Սյունիքից մինչև Վրաստան

15:12, 02 մայիս 2024
«Ապագա կա»․ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի երեք որդին աշխատում են պետական կառույցներում․ մեքենաների վաճառքով են զբաղվում, անշարժ գույքեր ունեն Սյունիքից մինչև Վրաստան

ՆԳՆ փոխնախարարներից մեկի՝ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի երեք որդին աշխատում են պետական կառույցներում, պատկառելի ունեցվածք են դիզել, Երևանի քաղաքապետարանից հող են գնում, որդիները, այդ թվում ոստիկանը, նաև մեքենաների առք ու վաճառքով է զբաղվում։

Hayastan.news-ի տեղեկություններով՝ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդիներից Հրաչյա Հովհաննիսյանը Արտաշատ խոշորացված համայնքի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի խորհրդականն է։ 
Նա ևս ընտրություններին գոռացել է՝ ապագա կա, Արտաշատում ՔՊ-ի ցուցակով 6-րդ համարն է եղել։ Համայնքից հայտնեցին նաև, որ նա «հայտնի խաբար տանող-բերող է»։


Ի դեպ, Հրաչյա Հովհաննիսյանը, բավականին հարուստ է․ Երևանում՝ Շենգավիթում, սպասարկման տարածք ունի, 2018-ին Կոտայքում է հողամաս գնել, 2021-ին Երևանում է հողամաս գնել, որի գինը 1 մլն 484 հզր դրամ է, ընդ որում՝ հողամասը գնել է Երևանի քաղաքապետարանից։


2022-ին հասարակական նշանակության ևս մեկ շինություն է ձեռք բերել Շենգավիթում, աղբյուրը չի նշում, սակայն Hayastan.news-ին հայտնեցին՝ տեղեկություններ կան, որ այն ևս Երևանի քաղաքապետարանից է ձեռք բերել։


Հրաչյա Հովհաննիսյանը 2020-ին BMW մակնիշի մեքենա է գնել, 2022-ին ևս մեկ BMW է ձեռք բերել 25 հազար դոլարով, որը վաճառել է 17 մլն 600 հզր դրամով։
Արտաշատի համայնքապետարանից տարեկան ստացած աշխատավարձը նշել է 3 մլն 264 հզր դրամ, կանխիկ 2023-ի սկզբին ունեցել է 1 մլն դրամ, տարվա ավարտին՝ 17 հազար դոլար։

Արամ Հովհաննիսյանի մյուս որդին՝ Էդգար Հովհաննիսյանը, աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում՝ որպես Իրավաբանական վարչության վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի բաժնի գլխավոր մասնագետ։


Վեց անշարժ գույք ունի, որից մեկը Վրաստանում։


Hayastan.news—ը պարզեց, որ Էդգար Հովհաննիսյանը 2017-ին համատեղ սեփականության իրավունքով Երևանում է բնակարան ձեռք բերել, 2018-ին Սյունիքում ամառանոց ու հողամաս է նվեր ստացել, 2020-ին համատեղ սեփականության իրավունքով բնակարան է գնել Երևանում, 2022-ին Վրաստանում է բնակարան գնել․ մեզ հասած տեղեկություններով՝ Բաթումիում՝ նորակառույց համալիրում։


Բանկում 16 մլն դրամի ավանդ ունի, բանկային հաշվին 2 մլն դրամ ունի, ստացված վարկերի մնացորդը 26 մլն 257 հզր դրամ է:


Արամ Հովհաննիսյանը երրորդ որդուն՝ Կառլեն Հովհաննիսյանին, աշխատանքի է տեղավորել ոստիկանությունում։


Կոտայքում այս որդին ևս հողամաս է գնել 2018-ին, Արտաշատում առանձնատուն ունի, 2021-ին IZH բեռնատար է գնել։ Ոստիկան որդին COPART–ից 2022-ին մեքենա է գնել 12 000 դոլարով, 7 մլն 230 հզր դրամով վաճառել է։
Նա նշել է, որ 2023-ին  բանկային քարտին 800 դրամ ունի, կանխիկ՝ 5 մլն 500 հզր դրամ,ՆԳՆ-ից աշխատավարձ է ստացել 5մլն 280 հզր դրամ։