Հետևեք մեզ։

Տավուշին զուգահեռ գործընթաց սկսելը ճիշտ չէ, ժամանակից շուտ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացը՝ անթույլատրելի. Իշխան Սաղաթելյան

21:16, 02 մայիս 2024
Տավուշին զուգահեռ գործընթաց սկսելը ճիշտ չէ, ժամանակից շուտ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացը՝ անթույլատրելի. Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյվնը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով այս պահին արդիական մի քանի կարևոր հարցերի պատասխաններ։

«–Որտե՞ղ է ընդդիմությունը, ինչո՞ւ չի աջակցում Տավուշյան շարժմանը

Ես կարող եմ խոսել ՀՅԴ-ի և «Հայաստան» խմբակցության անունից։  Դաշնակցությունն իր կառույցով և բոլոր ռեսուրսներով առաջին իսկ օրվանից կանգնած է եղել Տավուշը հանուն հայրենիքի շարժման կողքին, ներկա է եղել Տավուշում և գործնական աջակցություն ցուցաբերել ձևավորված Շարժմանը։ Ողջ ընթացքում Տավուշում են եղել նաև «Հայաստան»  խմբակցության պատգամավորները։ Այս թեմայով աշխատանքներ են իրականացվել նաև ԱԺ-ում և միջազգային հարթակներում։

- Ինչո՞ւ քաղաքական ուժերը չեն ստանձնում առաջնորդություն։

Տավուշում արդեն կա ձևավորված Շարժում։ Այն ունի բնականորեն ձևավորված հստակ առաջնորդություն՝ ի դեմս Բագրատ Սրբազանի, ով անգնահատելի և պատմական առաքելության է իրականացնում։  

- Ինչո՞ւ զուգահեռ այլ գործընթաց չի նախաձեռնվում:  

Մենք այս պահին ճիշտ չենք համարում առանձին կամ զուգահեռ գործընթաց սկսել, քանի որ արդեն կա ձևավորված հակազդեցության օջախ և մենք կարծում ենք, որ պետք է ամեն ինչով աջակցել այդ գործընթացին և այն դարձնել համահայաստանյան ու համահայկական։ 

-Ինչո՞ւ տարբեր ուժեր չեն միանում այս պայքարին: 

– Ինձ համար անհասկանալի են բոլոր այն ուժերը և անհատները, ովքեր տարբեր քաղաքական հաշվարկներով պայմանավորված անգործունեություն կամ պասիվություն են ցուցաբերում. կա սրբազան պայքար, պետք է կանգնել այդ պայքարի կողքին։ 

- Ինչո՞ւ հենց հիմա չի նախաձեռնվում իմպիչմենտի գործընթաց: 

Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթացի նախաձեռնումը։ Սակայն ժամանակից շուտ այդ գործընթացի նախաձեռնումը և այն երաշխավորված տապալման տանելը մենք անթույլատրելի ենք համարում։ Մենք կգնանք այդ գործընթացին, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ ժողովրդի կամքը պարտադրելու համար։ Ուստի առաջիկայում բոլորիս քայլերը պետք է ուղղված լինեն այդ ուժի կուտակմանը»,-գրել է նա։