Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից՝ պայմանավորված Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը դադարեցնելու ամերիկյան կողմի պահանջով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Վրաստանի ԱԳՆ-ին հղումով։
Հայտարարության մեջ ասվում է. «Վրաստանի վարչապետին հրավիրել են ԱՄՆ՝ պայմանով, որ Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես դադարեցնի արտաքին ազդեցության թափանցիկության մասին օրենքի նախագծի քննարկման գործընթացը, ինչը անհամատեղելի է գործընկերության ոգուն և պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի և վստահության վրա, ինչպես ընդգծվել է ԱՄՆ ներկայացուցիչների զրույցի ժամանակ»։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռոբին Դաննիգանի խոսքով, Վրաստանի վարչապետը հրավիրվել է Վաշինգտոն՝ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկելու ռազմավարական գործընկերության և ԱՄՆ-ի աջակցության հարցերը:
Վրացական կողմը նախընտրել է հրաժարվել այս հրավերից։