Հետևեք մեզ։

Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ 1991 թ․ սահմաններ ասելով․ պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը

11:50, 14 ապրիլ 2023
Ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ 1991 թ․ սահմաններ ասելով․ պարզաբանում է Անդրանիկ Քոչարյանը

Ազգային ժողովում մեկնարկել են ճեպազրույցները։ ՔՊ-ից ներկա են Անդրանիկ Քոչարյանն և Արթուր Հովհաննիսյանը։ Լրագրողներից մեկը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի նախօրեի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է զորքերը հետ քաշել Հայաստան-Ադրբեջան 1991 թ․քարտեզների սահմանային ողջ երկայնքով, Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսնակն էլ նշել էր, թե Փաշինյանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի 1991 թ․ սահմաններ ասելով։ Ուստի հետաքրքրվեց ՔՊ-ականներից՝ կպարզաբանե՞ն, թե ինչ նկատի ուներ Փաշինյանը։

«Էնքան ակնհայտ է, պատասխանն իրենք էլ ունեն, և էդ պատասխանը մեր պետական սահմանի արձանագրված հատվածն է, և էդտեղ որևէ խնդիր գոյություն չունի։ Թե ինչ նկատի ունի պարոն Փաշինյանը, դա առաջին անգամ չի հնչեցվում, որ զորքերը հայելային տեղաշարժ անենք, որն էդպես էլ մնացել է անպատասխան»,-պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտարկմանը, թե դրանից հետո քարտեզներ հրապարակվեցին, որոնք 1991 թվականի ինչ-որ քարտեզներ էին, որտեղ Տիգրանաշեն գյուղն էր վտանգի տակ դրվում, Տավուշի մարզի «անկլավները», արդյոք սա կապ ունի՞ Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետ, Քոչարյանն ասաց․ «Մենք շարժվում ենք մեր ձեռքի տակ եղած մեր պետական սահմանի հետ կապված քարտեզներով, և այդ քարտեզների ռազմական մասը հաստատված է նաև Գլխավոր շտաբի կողմից մշտական օգտագործված քարտեզներով՝ Սովետական միության»։