Հետևեք մեզ։

Թքելը հանցակազմ չի պարունակում․ Աննա Վարդապետյանը՝ Ալեն Սիմոնյանի արարքի մասին

17:26, 03 մայիս 2024
Թքելը հանցակազմ չի պարունակում․ Աննա Վարդապետյանը՝ Ալեն Սիմոնյանի արարքի մասին

Խուլիգանության հանցակազմի առումով կարևոր է, որ լինի հասարակական կարգի կոնկրետ խախտում։ Թքելը ինքը հանցակազմ չի պարունակում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանն առ այն, թե քաղաքացու դեմքին թքելը, այն էլ՝ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից, քրեորեն հետապնդելի արարք է, թե ոչ։

 

Հարցին՝ քաղաքացին կարո՞ղ է թքել պաշտոնյայի դեմքին, Վարդապետյանը պատասխանեց«Ոչ, չի կարող»։ Հարցին՝  իսկ պաշտոնյա՞ն կարող է, դատախազն ասաց«Ոչ ոք ոչ մեկի երեսին թքել չի կարող»։

 

Լրագրողների հարցին առ այն, թե ինչու այդ դեպքում գոնե բանավոր չի դատապարտել Ալեն Սիմոնյանի արարքը, երբ նա թքել էր իրեն դավաճան ասած քաղաքացու երեսին, Վարդապետյանն ասաց«Եկեք առաջարկեմ հետևյալը՝ եկեք բոլոր արարքներն աշխարհիս երեսին քրեականացրեք, ինձ համար ավելի հեշտ կլինի, ես յուրաքանչյուրի դեպքով վարույթ կնախաձեռնեմ»։