Հետևեք մեզ։

Մենք այսպիսի ելք չէինք սպասում, սա սարսափելի ելք էր, այժմ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ

12:07, 04 մայիս 2024
Մենք այսպիսի ելք չէինք սպասում, սա սարսափելի ելք էր, այժմ գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ․ Արցախի թեմի առաջնորդ

Արցախի վերաբերյալ յուրաքանչյուր քննարկում, խոսք ընդունելի է այնքանով, ինչքանով մարդու անկեղծ աղոթքն առ Աստված։ Արցախցու ձայնը Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է խաղաղ, հանգիստ ապրել իր հողում։ Չարը չի կամենում, որ լույսը մշտապես լուսավորի, մեր ինքնությունը հիմնված է լույսի վրա, արցախցին ի սկզբանե աչք չի ունեցել օտարի ունեցվածքի վրա, միշտ ապրել, արարել ու ստեղծագործել է հանուն արդարության ու խաղաղության, հանուն իր ինքնության։

Այս մասին այսօր «Արդարություն և վերադարձ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Այն, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, անբացատրել է գիտակից մարդու, հավատացող մարդու տեսանկյունից, մենք այսպիսի ելք չէինք սպասում, սա սարսափելի ելք էր՝ բռնի տեղահանում, արմատախիլ են արել ծառը։ Բայց այստեղ գյուղացիներ կան, ովքեր հասկանում են,որ երբ ծառն արմանտախիլ ես անում, գլխավոր արմատը մնում է հողում։ Մեզ մնում է, որ Քրիստոսով հաղթանակած վերադառնանք մեր գլխավոր արմատին, որ մնացել է  հայրենի հողում։ Մեր առաջ նպատակ ունենք, գերնպատակ ունենք՝ հաղթական վերադարձ Քրիստոսով Արցախ։ Սա յուրաքնաչյուրիս նվիրական ցանկությունն է, և որքան շուտ, այնքան լավ»,-ասաց Արցախի թեմի առաջնորդը։ 

Նա նշեց, որ կան լուծվող հարցեր և կան չլուծվող հարցեր, և որպեսզի անհնարինը հնարավոր դառնա, ուրեմն պետք է սկսել ուծվող հարցերից։