Հետևեք մեզ։

Մենք պահանջում ենք Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը. հայտարարություն

21:33, 04 մայիս 2024
Մենք պահանջում ենք  Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը. հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը կազմակերպվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այս մասին հայտարարություն է տարածել Շվեդիայի Հայկական Միությունների Համադրող Կենտրոնը:

«Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տեղի ունեցող այսպես կոչված «սահմանազատման» գործընթացը կազմակերպվում է ներկայիս դե ֆակտո իշխանությունների կողմից ընդունված անթույլատրելի և հայ ազգի կողմից անընդունելի որոշումների հիման վրա։ Այն զուրկ է իրավական հիմքերից և հակասում է սահմանազատման միջազգային սկզբունքներին։ Նման գործընթացը չի կարող տեղի ունենալ պետության անվտանգային հիմքերի փլուզմամբ և ժողովրդի իրավունքների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության ոտնահարումով։

ՀՀ դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումները հակասում են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին։ Կարևոր է նշել նաև, որ ՀՀ-ում իրավական ողջ համակարգը վերածվել է իշխանությունների կամակատարի և պատժիչ գործիքի։ Անհիմն քրեական հետապնդումները, ձերբակալությունները և բիրտ ուժի կիրառումը դարձել են ներկայիս «ժողովրդավար» իշխանության գործելաոճը։

Տավուշի չորս գյուղերի տարածքների հանձնումը, անվտանգային գոտիների ոչնչացումը կհանգեցնի այդ գյուղերի հայաթափման։ Ոչ միայն հարակից գյուղերը կհայտնվեն թշնամու անմիջական նշանառության ներքո, այլև ստրատեգիական նշանակություն ունեցող Իրան-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ամբողջովին փլուզման կենթարկվի Տավուշի պաշտպանական գիծը։

Ի հավելումն վերը նշված հակապետական և հակասահմանադրական որոշումների՝ Ն. Փաշինյանը կասկածի տակ է դնում նաև Հայոց Ցեղասպանությունը և 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Նա նաև կասկածի տակ է դնում Հայաստանի՝ որպես անկախ պետության լինելիությունը՝ միևնույն ժամանակ հնարավոր բոլոր միջոցներով արագացնելով ՀՀ անկմանը հանգեցնող իրողությունները: Ն. Փաշինյանը պատրանք է ստեղծում, որ մեր «Պատմական Հայրենիքը» անհիմն հիշողություն է, որ մեր Հայրենիքը ներկայիս պետության սահմաններն են, որը ևս, պատառ-պատառ անելով, թշնամուն նվիրելով, վերածում է Պատմականի։

Մենք՝ Շվեդիայի Հայկական Միությունների Համադրող Կենտրոնը, ինչպես նաև Շվեդիայում բնակվող Հայաստանի Հանրապետության պահանջատեր քաղաքացիներ և սփյուռքահայերը, մեր մեծագույն անվստահությունն ենք հայտնում ՀՀ կոլլաբորացիոն Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինայինի, պահանջում ենք անհապաղ դադարեցնել միակողմանի զիջումները և ՀՀ անվտանգությանը և գոյությանը սպառնացող բոլոր գործընթացները։

Մենք պահանջում ենք Ն. Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը»։

Վերլուծական