Հետևեք մեզ։

Սա կուռքերի շարժում չէ, անձի մասին երթ չէ, սա չակնկալիքների պայքար է, հաղթանակին կարոտ ենք, ժողովուրդը ազատագրվելու կարիք ունի. Բագրատ Սրբազան

13:26, 06 մայիս 2024
Սա կուռքերի շարժում չէ, անձի մասին երթ չէ, սա չակնկալիքների պայքար է, հաղթանակին կարոտ ենք, ժողովուրդը ազատագրվելու կարիք ունի. Բագրատ Սրբազան

Այս շարժումը, այս երթն անձի մասին չի, ոչ էլ անձերի մասին է, ինքնամաքրման մասին է։ Այս մասին հայտարարել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

 

«Ես որևէ կերպով չեմ ուզի, որ սա դառնա կուռքերի շարժում, սա կուռքերի շարժում չի, սա մարդկանց սրտերի մեջ արձանագրված բոլոր տեսակի տառապանքներից, նվաստացումներից, ստորացումներից ազատվելու, վերականգնվելու, մեղքից վերականգնվելու և ինքնամաքրվելու, ինքնաճանաչողության և ինքնագնահատական ունենալու շարժում է։ Մեր խնդիրները բխել են նրանից, որ մեր գոյաբանական վիճակը չեն կարողացել տեղափոխել առօրյա կյանք։

 

Մենք հաղթանակի կարիք ունենք և կարոտ ենք մնացել, ժողովուրդ ջան։ Այս երթը մեզ համար պետք է դառնա այդ հաղթանակի, ինքնամաքրվելու երթը, սա չակնկալիքների պայքար է։

 

Ոչ մի ակնկալիք չկա, միայն և միայն հայրենիք և պատիվ ստանալու։ Մեր ժողովուրդը կարիք ունի ազատագրվելու։ Սա հաշտության լայն օրակարգ ունի, ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել, ովքեր այս ճանապարհի մեջ կգոռան, կկանչեն, իրենց ինքնադրսևորումն այլ կերպ ցույց կտան, նրանք ուղղակիորեն պետք է հեռացվեն, որովհետև նրանք ո՛չ մտքով, ո՛չ հոգով և ո՛չ էլ իրենց ընկալումներով այս ինքնամաքրման շարժման հետ աղերս ունենալ չեն կարող»,-իր խոսքում ասել է Բագրատ Սրբազանը։