Հետևեք մեզ։

Հերթը հասավ Կոնդին․ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» շինծու ՀԿ-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևան փաստահավաք առաքելություն ուղարկելու խնդրանքով

11:51, 07 մայիս 2024
Հերթը հասավ Կոնդին․ «Արևմտյան Ադրբեջանի համայնք» շինծու ՀԿ-ն դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Երևան փաստահավաք առաքելություն ուղարկելու խնդրանքով

Ադրբեջանում արհեստական և կեղծ արժեքների ու պնդումների հիման վրա ծնունդ առած «Արևմտյան Ադրբեջանի համայնք» ՀԿ-ն այսօր գերազանցել է մինչ այս իր արած բոլոր հայտարարություններին։ ՀԿ-ի անդամները ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին նամակ են գրել՝ կապված Երևանի սրտում Կոնդ թաղամասի հետ։

«Երևանում՝ ադրբեջանցիների կառուցած և նրանցով բնակեցված քաղաքում, Թեփեբաշը թաղամասը, որը վերանվանվել է Կոնդ, ադրբեջանական մշակութային ժառանգության վերջին մնացորդներից է Հայաստանում»,- կարծում են կառույցի ներկայացուցիչները։

Նրանք նշում են, թե դիմելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյին, կոչ են անում միջոցներ ձեռնարկել՝ «դադարեցնելու ադրբեջանական ժողովրդի նյութական և մշակութային ժառանգության ոչնչացումը Հայաստանի Հանրապետությունում»։ 

«Մենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին հրավիրում ենք փաստահավաք առաքելություն ուղարկել Հայաստանի Հանրապետություն և միջոցներ ձեռնարկել Թեփեբաշը թաղամասի հետ կապված»,- պնդում են հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանը իրենց հարյուրամյա գոյության պատմական հայրենիքը համարող ադրբեջանցիներին ներկայացնող այս ՀԿ-ի ներկայացուցիչները։

 

Դիանա Կարապետյան