Պայման պետք է լինի՝ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայները հավաքելու համար։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ խոսելով մանդատները վայր դնելու մասին։
«Նա չպետք է մնա, որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել պաշտոնակատար նույն լծակներով, ինչ տարբերություն տվել է հրաժարական, թե` ոչ։ Այդ մարդը իր թիմակիցների շրջանում չունի մի վստահելի մարդ, որ մի քանի օրով ասի՝ առ կնիքը, գնա, կառավարի։ Այո, պետք է լինեն արդար ընտրություններ, դրա համար Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասաց Խաչատրյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին․ «Ժողովրդական պոռթկման բավականաչափ զանգվածի առկայություն է անհրաժեշտ, մանդատ դնելը կամ գործող մանդատներով իմփիչմենտի գործընթաց սկսելը կլինի գործընթաց գործընթացի համար, իսկ պետք է լինի գործընթաց՝ հաջողության երաշխիքի հավանականությամբ»։