168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ) է կանչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:
Ըստ կայքի աղբյուրների`իշխանությունների կողմից հետապնդումների պատճառը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ակտիվությունն է, նրա կոշտ դիրքորոշումներով, քննադատական ելույթները, հարցազրույցները, և հատկապես ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված ջահերով երթի ժամանակ Ծիծեռնակաբերդում նրա ունեցած ելույթը, որում ասել էր.
«Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման»,-ասվում էր Սրբազանի ելույթում»: