Ղազախստանի միջտարածաշրջանային քրեական դատարանը երկրի էկոնոմիկայի նախկին նախարար Կուանդիկ Բիշիմբաևին դատապարտել է 24 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով իր ս կնոջ՝ Սալթանատ Նուկենովայի սպանության համար։ Այս մասին հայտնում է Tengrinews-ը։
«Ես սահմանում եմ 24 տարվա ազատազրկում»,- վճռի հրապարակման ժամանակ ասել է դատավորը։ Նա հավելել է, որ հաշվի կառնվի մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ անցկացրած ժամանակը։
Դատարանը նաև դատավճիռ է հրապարակել նրա եղբոր՝ Բախիջան Բայժանովի նկատմամբ, ով մեղադրվում էր Բիշիմբաևի հանցագործությունը թաքցնելու մեջ (Ղազախստանի Քրեական օրենսգրքի 432-րդ հոդված)։ Նախարարության նախկին ղեկավարի ազգականը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման.
Նուկենովայի մարմինը հայտնաբերվել է 2023 թվականի նոյեմբերի 9-ին Աստանայի BAU ռեստորանում։ Ըստ քննիչների՝ ամուսինը ութ ժամ մահացու ծեծի է ենթարկել կնոջը։ Ինքը՝ ամբաստանյալը, հայտարարել է, որ կոնֆլիկտը հրահրել է իր կինը, իսկ ինքը միայն հրել է նրան։
Սակայն ավելի ուշ պարզվել է, որ նախկին նախարարը Նուկենովային ձայնագրել է։ Տեսանյութի համաձայն՝ տղամարդը կնոջը կասկածել է դավաճանության մեջ, ինչի պատճառով էլ հարձակվել է նրա վրա։
Դատավարության ընթացքում Բիշիմբաևն ընդունել է մեղքը, բայց միայն հարձակման, այլ ոչ թե առանձնակի դաժանությամբ կանխամտածված սպանության համար։ Իր վերջին խոսքում նա դատարանից մարդասիրություն է խնդրել: