«Արարատ-Արմենիան» Հայաստանի գավաթի եզրափակչում երեկ՝ մայիսի 12-ին, հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել է «Ուրարտուին» և իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Հայաստանի գավաթը: Հանդիպումից հետո նորընծա գավաթակիր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը չի ներկայացել պարգևատրման արարողությանը:
ArmSport-ի տեղեկություններով, Վարդան Մինասյանն ու իր օգնական Արթուր Մկրտչյանը չեն վերցրել իրենց հասանելիք մեդալները ՀՖՖ ղեկավարության հետ առաջացած տարաձայնության պատճառով: Մարզիչներն, ավելի ուշ, տեխնիկական գոտուց միացել են թիմի ֆուտբոլիստներին՝ մասնակցելով տոնակատարությանը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ ՀՖՖ-ում կարող են շատ կոշտ արձագանքել այս միջադեպին: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ էին տարածվել առ այն, որ ՀՖՖ-ն մտադիր է Ավանի ակադեմիայի կեսն առանց վճարի՝ նվիրատվությամբ տրամադրել «Արարատ-Արմենիային»: Երեկվա միջադեպից հետո, սակայն, գործընթացը կարող է սառեցվել:
Ավելին, «Արարատ-Արմենիան» «Նոայի» հետ մայիսի 16-ին կայանալիք «չեմպիոնական» խաղից առաջ կարող է զրկվել մարզվելու համար համապատասխան խաղադաշտ ունենալու հնարավորությունից: