Հետևեք մեզ։

Իմ մեջ դեռ եռում է սերը ֆուտբոլի հանդեպ, չի եղել գեթ մի օր, նույնիսկ ամենաանհաջող արդյունքից հետո, որ ասեմ՝ ՝ ե՞րբ է ավարտվելու՝ գնամ արձակուրդ․ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը․ Armspor.am

00:31, 14 մայիս 2024
Իմ մեջ դեռ եռում է սերը ֆուտբոլի հանդեպ, չի եղել գեթ մի օր, նույնիսկ ամենաանհաջող արդյունքից հետո, որ ասեմ՝ ՝ ե՞րբ է ավարտվելու՝ գնամ արձակուրդ․ Մխիթարյանի բացառիկ հարցազրույցը․ Armspor.am

ArmSport-ի թղթակից Ռոբերտ Գասպարյանը բացառիկ հարցազրույց է վերցրել Հենրիխ Մխիթարյանից, որի ընթացքում մեր ֆուտբոլիստը պատմել է չեմպիոնական էմոցիաների, Սիմոնե Ինձագիի հետ աշխատանքի մանրամասների և 35 տարեկանում նման ֆանտաստիկ մարզավիճակ ունենալու գաղտնիքների մասին։

 

-Հենրիխ, նախ թույլ տուր շնորհավորել քեզ երկար սպասված չեմպիոնության առիթով: Ի՞նչ էիր զգում այն պահին, երբ հնչեց սուլիչը:

Շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Ասեմ, որ դեռ «Միլանի» հետ խաղից առաջ էր շատ-շատ խոսվում մեր՝ չեմպիոն դառնալու մասին, քանի որ ունեինք միավորների մեծ պաշար մրցակիցների նկատմամբ։ Ամենուրեք լսում էինք ««Ինտերն» արդեն չեմպիոն է, «Ինտերն» արդեն չեմպիոն է», բայց մենք մեզ դեռ չեմպիոն չէինք զգում։ Քանի որ գիտակցում էինք, որ առջևում դեռ 6 խաղ կա, և ամենավճռորոշը լինելու է հենց «Միլանի» դեմ խաղը։ Այդ հանդիպումից դեռ 2 ամիս առաջ ամբողջ թիմով մտածում էինք՝ արդյո՞ք հնարավոր կլինի, որ հենց այդ խաղը լինի չեմպիոնական, որպեսզի կարողանանք հենց նրանց դեմ խաղում առավելության հասնել ու չեմպիոն դառնալ։ Այդ խաղի վերջում, երբ հնչեց մրցավարի եզրափակիչ սուլիչը…չգիտեմ…մինչև հիմա չեմ կարողանում բնութագրել զգացմունքներս, ուրախությանս չափ ու սահման չկար։ Իհարկե, շատ ուրախ եմ, քանի որ սա յուրահատուկ չեմպիոնություն էր, քանի որ այն առաջինն էր իմ եվրոպական կարիերայում։ Այս տիտղոսը, բնականաբար, շատ յուրահատուկ տեղ կունենա իմ գավաթների պահարանում։

-Որքանով էր հեշտ հաղթահարել ճնշումը, երբ դեռ չեմպիոն չդարձած, ամենուրեք ասում էին, որ դուք չեմպիոն եք։

-Փորձում էինք որքան հնարավոր է՝ չլսել դրսից եկող խոսակցությունները։ Այսինքն, մենք տրամադրվում էինք, մենք պատրաստվում էինք, մանրամասն վերլուծում էինք հակառակորդին ու պարզապես խաղում էինք մեր խաղը։ Մենք բոլորս էլ հասկանում էինք, որ դրսից եկող նմանատիպ խոսակցությունները կարող էին փչացնել կամ վատ անդրադառնալ թիմի մթնոլորտի վրա։ Մեր նպատակը միայն մեկն էր՝ մոռանալ ամեն ինչ ու խաղալ մեր ֆուտբոլը, ուշադրություն դարձնել միայն մեզ վրա։ Գիտեինք, բնականաբար, որ այդ բաղձալի պահն էլ կգա, դրա համար չէինք կենտրոնանում ու զուտ հաճույք էինք ստանում մեր խաղից։

-Սա «Ինտերի» 20-րդ չեմպիոնությունն էր։ Ամբողջ քաղաքում թիմի երկրպագուները խելագարության էին հասել գերբի վրա 2-րդ աստղի առկայության առիթով…

-Կարծում եմ, որ առաջնության սկզբնամասում, երբ հաղթանակը հաղթանակի հետևից գնում էինք առաջ, արդեն խոսակցություններ սկսեցին շրջանառվել 20-րդ սկուդետտոյի մասին, այն լինելու է յուրահատուկ։ Ես անձամբ լիարժեք դա չէի պատկերացնում, քանի որ առաջին անգամ էի մոտենում չեմպիոնությանը Եվրոպայում։ Պատկերացում չունեի, ի սկզբանե, թե ինչ ոգևորություն էր տիրում երկրպագուների ու առհասարակ բոլորի շրջանում։ Բայց կարող եմ ասել հետևյալը. Բացի նրանից, որ սա 20-րդ սկուդետտոն էր, հասկանանք նաև՝ երբ ենք այն նվաճել՝ «Միլանի» հետ դերբիում։ Այս հանգամանքը մնացածին կրկնակի, նույնիսկ եռակի լիցք հաղորդեց, ոգևորեց ու ուրախացրեց երկրպագուներին։ Երբ ավտոբուսով շրջում էինք քաղաքում, այնտեղ հասկանում էինք՝ ինչպիսի մեծ գործ ենք արել, ինչպիսի մթնոլորտ էինք ստեղծել երկրպագուների շրջանում։

-Դու աշխատել ես բազմաթիվ տիտղոսակիր մասնագետների հետ, բայց առաջին չեմպիոնությունը նվաճել ես մինչև այդ երբևէ չեմպիոն չդարձած Սիմոնե Ինձագիի հետ: Ի՞նչ աշխատանքային առանձնահատկություններ ունի նա, ինչ կպատմես նրա մասին:

-Ճիշտ է՝ աշխատել եմ շատ մարզիչների հետ։ Նրանցից յուրաքանչյուրն ունի աշխատանքի իր մեթոդիկան, իր ֆուտբոլային փիլիսոփայությունը, ֆուտբոլիստների հետ աշխատելու յուրահատուկ մոտեցումը։ Բոլորից էլ շատ բան եմ սովորել։ Այո, ճիշտ եք նշում՝ իմ և Սիմոնե Ինձագիի համար սա առաջին չեմպիոնությունն է։ Սա ևս հաճելի է։ Որովհետև «Ինտեր» եկած օրվանից ի վեր սա արդեն իմ չորրորդ տիտղոսն է։ Մինչև այդ հաղթել էինք Իտալիայի Սուպերգավաթում, մեկ անգամ էլ գլխավերևում պահել ենք Իտալիայի գավաթը, բայց չեմպիոնությունն այլ զգացողություն է, մանավանդ՝ առաջինը։ Փորձում ենք անել այն, ինչ մարզիչն է ասում, այն, ինչ խնդրում և պահանջում է, որովհետև ամենաառաջին պատասխանատուն մարզիչն է լինում։ Երբ թիմը հաղթում է, նշանակում է՝ լավ են աշխատել բոլորը, բայց պարտության պարագայում բոլորը մեղադրում են հենց մարզչին։ Փորձում ենք բոլորս օգնել միմյանց, առաջ շարժվել ու հասնել մեր նպատակին։ Եվ դա այն դեպքում, որ Ինձագին շատ մոտ էր «Ինտերում» աշխատելու հենց իր առաջին տարում չեմպիոն դառնալուն, բայց բոլորը հիշում են՝ ինչպես պարտվեց «Ինտերն» այդ մրցաշրջանում։ Շատ ուրախ եմ, որ իր գլխավորությամբ կարողացանք չեմպիոն դառնալ։ Հույս ունեմ՝ սա կլինի մեր համատեղ առաջին, բայց ոչ վերջին չեմպիոնությունը, որովհետև դեռ հաղթանակի, չեմպիոնության ծարավ եմ։ Տիտղոսներ հաղթելու և այս ակումբի հետ հաղթանակներ տանելու ցանկությունս դեռ անսպառ է։

-Հենրիխ, արդեն 35 տարեկան ես, բայց հիացնում ես բոլորին քո անխափանությամբ: Ո՞րն է քո հաջողության գաղտնիքը:

-Առաջնահերթ, իհարկե, ինձ նման մարզավիճակում պահում է սերը հանուն ֆուտբոլի։ Երբ առավոտյան արթնանում եմ, բարձր տրամադրությամբ եմ դա անում և ուրախանում եմ, որ գնում եմ մարզման։ Եվ ոչ թե ասում եմ ինքս ինձ՝ «վա՜յ, էլի պետք է գնամ մարզման, հոգնած եմ, չեմ ուզում մարզվեմ, գիշերը լավ չեմ քնել»։ Ես մարզման գնում եմ ուրախությամբ, ինքս ինձ չեմ խաբում։ Ես ունեմ այդ ցանկությունը, իմ մեջ դեռ եռում է սերը ֆուտբոլի հանդեպ։ Չի եղել գեթ մի օր, նույնիսկ ամենաանհաջող արդյունքից կամ պարտությունից հետո ես չեմ ասել՝ «ե՞րբ է ավարտվելու վերջապես այս առաջնությունը, որ գնամ հանգստանամ, գնամ արձակուրդ»։ Մարզումային ոչ մի պրոցես բաց չեմ թողել, չեմ զլացել, արել եմ ամեն ինչ՝ նախամարզումային և հետմարզումային վարժությունները, պրոցեդուրաները։ Սա գաղտնիքներից առաջինն է։ Բացի դրանից, փորձում եմ որքան հնարավոր է՝ լավ հետևել առողջությանս՝ քնիս ռեժիմին ու առողջ սնվելուն։ Փորձել եմ շատ բաներ հեռացնել իմ սննդակարգից, որպեսզի կարողանամ ավելի երկար խաղալ։ Ճիշտ է՝ դա ամենևին էլ հեշտ չէ, բայց մեր դիետոլոգի օգնությամբ հասել ենք այդ հաջողության։ Լավ քնել, լավ մարզվել, լավ սնվել ու լավ հանգստանալ՝ սրանք են իմ հաջողության գրավականը, չնայած որ շատ դեպքերում չի ստացվում հանգստանալ, քանի որ տղայիս հետ արդեն երկրորդ մարզումն ենք անում տանը (ծիծաղում է)։

- Իտալական մամուլում գրում են, որ չեմպիոն դառնալու հաջորդ օրը «Ինտերի» երկրպագուները առավոտյան շուտ եկել են մարզաբազա ձեզ շնորհավորելու ու տեսել են՝ ամենաառաջինը մարզմանը դու ես եկել…

-Այո, ճիշտ է։ Ասեմ ավելին՝ միայն այդ օրը չէ, որ մարզմանը առաջինն եմ եկել։ Գրեթե միշտ եմ գալիս առաջինը կամ առնվազն առաջիններից մեկը։ Բայց, ինչպես ասացի, դա իմ օրվա ծրագիրն է, օրվա համակարգն է՝ շուտ գալ մարզմանը՝ ավելորդ ժամանակ չկորցնելու և ժամանակային հաշվարկը չխախտելու համար։ Դրա համար անհրաժեշտ է ճիշտ ժամին արթնանալ, նախաճաշել, պատրաստվել, մարզվել, մարզումից հետո դարձյալ վարժություններ, սնվել ու հետո նոր վերադառնալ տուն։ Ես գիտակցում եմ՝ իմ կարիերայի ավարտին քիչ ժամանակ է մնացել, ու փորձում եմ՝ որքան հնարավոր է արդյունավետ օգտագործել յուրաքանչյուր րոպեն։ Թեպետ նշեմ, որ առաջին տարին չէ, որ ապրում եմ նման ռեժիմով՝ միշտ եմ առաջիններից մեկը եկել մարզման և վերջիններից եմ եղել, որ ավարտել է մարզումը։ Սա զուտ ասում եմ, որպեսզի բոլորը հասկանան, որ ես չեմ դարձել 35 տարեկան ու նոր գիտակցել, որ պետք է այդպես ապրեմ ու մարզվեմ։ 35 տարեկանում հնարավոր է բարձր մակարդակի ֆուտբոլ խաղալ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։